Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններն ու խոշտանգման ակտերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություն է տարածել՝ Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«2016 թ․-ի այս օրը Ադրբեջանը ռազմաճակատի ողջ երկայնքով անցավ լայնածավալ հարձակման՝ փորձելով ճեղքել պաշտպանական գիծն ու ներխուժել Արցախի տարածք։ Դա, ըստ էության, բլիցկրիգի փորձ էր, այսինքն՝ Ադրբեջանը կայծակնային և անսպասելի հարձակմամբ փորձում էր մեկ գիշերվա ընթացքում շոշափելի արդյունքներ արձանագրել և զենքի ուժով լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Փորձն այս իհարկե անմիջապես վիժեցվեց, քանի որ հայկական բանակի զինվորներն ու սպաները, ռազմաքաղաքական հրամատարությունը ոչ միայն կանգնեցրեցին ադրբեջանական հարձակումը, այլ նաև ետ մղեցին ագրեսորին՝ ստիպելով նահանջել և առերեսվել Պաշտպանական բանակի ցավոտ հարվածների հետ։
Ապրիլյան պատերազմը Հայաստանի նորագույն պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է, քանի որ դրա կրակներում դրսևորվեցին մեր զինվորների և սպաների հերոսությունն ու անձնուրացությունը, հանրության հասունությունն ու համախմբվածությունը։ Այսինքն, այդ ծանր օրերին մենք կարողացանք ցուցադրել մեր լավագույն որակները, ինչի շնորհիվ էլ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հավասարվեցին հողին։
Որպես ՀՀ քաղաքացի և որպես խորհրդարանական ուժի ղեկավար՝ չեմ կարող չնշել, որ հպարտանում եմ մեր անձնուրաց զինվորներով և սպաներով, հպարտանում եմ մեր քաղաքացիներով, որոնք, իրար հերթ չտալով, որպես կամավորներ մեկնում էին Արցախ։ Ցավում և ափսոսում եմ բոլոր այն զինվորականների համար, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։ Հավերժ փառք նրանց։
Վերջում ուզում եմ նաև ավելացնել, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններն ու խոշտանգման ակտերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Այդ գազանությունները երբեք չեն մոռացվելու և մենք մշտապես միջազգային տարբեր կառույցներում բարձրաձայնում ենք դրանց մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին