Երբ կարանտինը Աթոյան փողոցում կյանքեր փրկեց, իսկ քաղաքապետարանն անգործություն ցուցաբերեց
Երևանի Էրեբունի վարչական շրջանում երկաթե հսկա էլեկտրասյունն ընկել է գետնին։ Ինչպես բնակիչներն ասացին Panorama.am-ի հետ զրույցում, հայտարարված կարանտինի ու սահմանփակումների պատճառով բարեբախտաբար փողոցում ոչ մարդիկ են եղել, ոչ էլ երթևեկություն։ Որևէ մեկը վնասվածքներ չի ստացել։
Մի քանի մետրանոց սյունը ընկել է հարևանությամբ կայանած մեքենայի վրա։
Բանն այն է, որ մի քանի օր առաջ հենց այս մեքենան մի քանի օր առաջ կեսգիշերին բախվել է սյանը, ըստ երևույթին սյունը վնասվել է հենց այդ վթարի ժամանակ։
Ոստիկանության պաշտոնական էջում վթարի վերաբերյալ տեղեկատվության մեջ ասված է. «Մարտի 29-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա էլեկտրական հենասյանը, որին ամրացված լուսարձակն ընկել է կայանված «Մերսեդեսի» վրա. «Հունդաիի» 41-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»։
Ընդգծենք, վթարը տեղի է ունեցել հենց այն հատվածում, որտեղ ճանապարհային նշանների տեղադրման անհրաժեշտության ու բնակիչների պահանջի մասին մի քանի անգամ բարձրաձայնել էր Panorama.am-ը։
Խնդրին ծանոթ էր թե ՃՈ-ն, թե քաղաքապետարանը, խոստացել էին։ Դեռ 2019 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ին հայտնել էր.
«Այդ հատվածում մոտ օրերս հետիոտնային անցման նշաններ կտեղադրվեն՝
գծանշում և այլն: Ավելի ուշ արդեն կլուծվի արգելաթմբով կամ լուսացույցով կահավորելու հարցը»։
Ոչինչ էլ չեն արել... Իսկ անգործության հետևանքները կարող էին անդառնալի լինել։
Հարակից հրապարակումներ`
- Աթոյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ քաղաքացիների անվտանգ երթևեկությունը չեն ապահովում
- Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- Աթոյան փողոցի բնակիչները ՃՈ-ին հորդորում են կանգառի դիմաց հետիոտնի համար գծանշումներ անել