Ուսանողները չեն կարողանում վճարել ուսման վարձը,բաց նամակ վարչապետին
ԵՊՀ ուսանողները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությունը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով մինչև 25% ուսման վարձի մասնակի փոխհատուցում նախատեսել ուսանողների համար:
«Մինչև մարտի 31-ը բազմաթիվ նամակներ էի ստանում ԵՊՀ ուսանողներից։ Բոլորը բարձրաձայնում էին, որ ուսման վարձի վճարումն իրենց համար դարձել էր անհնար, քանի որ վիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական վիճակը զրկել է իրենց ընտանիքներին նախատեսվող եկամուտներից։
Մարտի 31-ին ԵՊՀ-ն հայտարարեց` թույլ է տալիս ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին: Սա որոշակիորեն մեղմեց ուսանողների անհանգստությունը։ Սակայն ակնհայտ է, որ խնդիրը շուտով վերադառնալու է։ Ու թերևս վերադառնալու է ավելի մեծ թափով, քանի որ բավարար եկամուտներ չգեներացնելով` բուհ-ը գուցե չկարողանա վճարել աշխատակիցների աշխատավարձը, ինչը հավելյալ սոցիալական խնդիրներ կստեղծի։
Ակնհայտ է, որ պետության աջակցության և հոգածության կարիք կա։ Քանի որ պետությունը 50%-ով մասնակցում է բուհի բարձրագույն կառավարմանը, կարծում եմ նման իրավիճակում բուհին միայնակ թողնելը արդար չէ։ Ցավոք, կառավարության՝ սոցիալ-տնտեսական աջակցության 9 ծրագիրներից ոչ մեկը չէր անդրադառնում ուսանողների ուսման վարձերի բեռի թեթևացմանը։
Հասկանալով առկա օբյեկտիվ խնդիրները՝ իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել այս խնդրի մասին և դիմել Կառավարությանը` առաջարկելով մինչև 25% ուսման վարձի մասնակի փոխհատուցում նախատեսել ուսանողների համար, եթե ոչ բոլորի, ապա առնվազն նրանց համար, որոնց ընտանիքի անդամները կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ են դարձել կամ գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ։ Սա թերևս միակ ճանապարհն է սպասվող ծանր հետևանքներից խուսափելու համար։
Լիահույս ենք, որ կստանանք դրական արձագանք»,-նշված է հայտարարության մեջ։
Ուսանողները համոզված են, որ խնդիրն առկա է բոլոր բուհերում, հետևաբար կոչ են անում նախաձեռնությանը միանալ նաև մյուս ուսումնական հաստատությունների ուսանողները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան