Չաշխատող ծնողների յուրաքանչյուր երեխային կառավարությունը կտա 26500 դրամ
Կառավարության այսօրվա նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման վերաբերյալ որոշումը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյանը:
Ստանալով վարչապետի թույլտվությունը՝ նախարարն ընթերցեց ամբողջ որոշումը.
«Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
1) երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2) երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
3) երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից.
4) երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
5) երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
2. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26500 ՀՀ դրամ գումարի չափով:
3. Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
4. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
5. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-նընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաներըգնտվել են Հայաստանում:
6. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը։
7. Անկախ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված նույնականացման կանոններից, սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 358 Լ և մարտի 30-ի թիվ 410 Լ, 411 Լ, 412 Լ որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում էավելի մեծ գումար:Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից և դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ճգնաժամի ծավալման առաջին օրերից խնդիր էր դրվել գտնել խոցելի խմբերը և այդ նպատակով ընդունված 8 միջոցառումներից 4-ը տնտեսական է, 4-ը՝ սոցիալական:
«Մենք արձանագրել ենք, որ չենք կարողանում հասնել մի սոցիալական շերտի, որի մի մասը, մեր լավագույն ցանկությունների դեպքում էլ, պետք է այդ կարգավիճակը չունենար: Խոսքը աշխատող, բայց աշխատանքը չգրանցած անձանց մասին է և երկրորդ՝ ընդհանրապես որևէ աշխատանք չունեցող անձանց մասին է, ովքեր ներառված չեն սոցիալական աջակցության այլ ծրագրերում՝ մասնավորապես ընտանեկան նպաստի համակարգում»,- շեշտեց վարչապետը։
Նա նաև նկատեց. «Մենք գտանք, որ հասցեականության և գաղափարական առումով շատ ճիշտ է, որ մենք այս աջակցությունը ուղղենք երեխաներին: Ըստ էության այս աջակցության շահառուն համարվում են ոչ թե ծնողներն, այլ երեխաները: Արձանագրում ենք, որ յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի նպաստ 26.500 դրամի չափով: Բայց հանում ենք այն ընտանիքները, որոնք հունվար-փետրվար ամիսներին ունեցել են 500 հազար դրամի համախառն եկամուտ»:
Վարչապետը հայտարարեց, որ ծրագիրը պետք է գործի ապրիլի 10-ից, ինչին ի պատասխան Զարուհի Բաթոյանը նկատեց, որ տրամադրման կարգը պատրաստ կլինի միայն ապրիլի 9-ը և միայն 15-ից հետո հնարավոր կլինի տրամադրել միջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին