Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
Վարդաշեն ՔԿՀ-ի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակակիրների առկայության հաստատումից հետո լուրջ մտահոգություններ կան կալանավայրերում պահվողների՝ հատկապես առողջական խնդիրներ ունեցողների ու տարեցների վերաբերյալ, որոնք ռիսկի խմբում են։
Ի՞նչ է կարծում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կա՞ն նրանց առողջական անվտանգությունը ապահովող միջոցառումներ, թե՞ այնուամենայնիվ ճիշտ կլիներ նրանց ազատել՝ գրավի դիմաց, տնային կալանքով կամ մեկուսացման պայմաններով։
Panorama.am-ի հարցին ի պատասխան ՄԻՊ-ն արձագանքեց.
«Կորոնավիրուսի վարակի հետ կապված (COVID-19) ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կայքում օրերս հրապարակվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքին առնչվող հրատապ սկզբունքներ հայերենով և ուղարկվել պետական իրավասու մարմիններին իրենց աշխատանքում կիրառելու համար։
ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն նշել է, որ պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում:
Առողջության ապահովման հետ կապված՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ազատությունից զրկված անձանց առանձնահատուկ կարիքներին, հատկապես՝ խոցելի խմբերին և/կամ ռիսկային խմբերին՝ ծերերին և նախկինում հիվանդություններ ձեռք բերած անձանց: Դա ներառում է նաև COVID-19-ի առկայությունը ստուգելու համար սքրինինգային հետազոտությունների իրականացումը և անհրաժեշտության դեպքում ինտենսիվ խնամքի ապահովումը: Բացի այդ, ազատությունից զրկված անձինք այս ընթացքում պետք է ստանան լրացուցիչ հոգեբանական աջակցություն:
Նմանատիպ հորդորներով հանդես են եկել նաև մի շարք միջազգային կազմակերպությունները։
Ինչ վերաբերում է Ձեր կողմից բարձրացրած՝ վարակման ռիսկային խմբում գտնվող կալանավորված անձանց գրավով ազատելու հարցին, ապա պետք է նշել, որ այդ հարցի լուծումը կոնկրետ քրեական գործերով նախաքննություն կամ դատական վարույթ իրականացնող մարմինների իրավասության տիրույթում է»։
Հիշեցնենք, որ ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածումը՝ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Այս մոտեցումը պարտադիր է հատկապես գերբնակեցման պայմաններում: Ավելին, պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
- ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Թուրքիային կոչ է անում քաղաքական գործիչներին ներառել կորոնավիրուսով պայմանավորված վաղաժամկետ ազատման մեջ
- Արշակ Գասպարյան. Վայն եկել տարել է, եթե ազատազրկվածներից մեկի մոտ «հանկարծ» բացահայտվեց COVID-19
- «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան