Աջակցության ծրագրի առաջին շահառուները հաջորդ շաբաթ արդեն բանկերից վարկեր կստանան. նախարար
«Իրավիճակն իրոք սովորական չէ, այն արտակարգ է բոլորի համար։ Մենք հուսով ենք, որ մասնավոր հատվածում թե վարձակալը և թե վարձատուն փոխադարձաբար հաշվի կառնեն կրած կորուստներն ու հնարավորությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակում իրենց գործունեությունը դադարեցրած բայց կազմակերպության տարածքի համար վարձավճարներ մուծող տնտեսվարողների խնդիրներին։
Խաչատրյանը նշեց, որ կառավարությունն այս հարցին չի կարող միջամտել, սակայն կոչ է արել, որ բոլոր այն դեպքերում, երբ վարձատում տեսնում է՝ վարձակալի վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով կատարել վճարումներ, պետք է համաձայնության գալ և գտնել ոսկե միջինը։
Դիտարկմանը, թե կորոնավիրուսային համաճարակը կարող է տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունենալ, և 2020-ին տնտեսական աճը կարող է լինել 0.7%, ինչպես նաև կարող են նվազել ներկրման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները, Խաչատրյանն արձագանքեց՝ թվարկված երևույթները ճիշտ են։
«Բնական է, որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը առերեսվել է խնդիրների, և պետք է սպասել դեպի Հայաստան տրանսֆերների կրճատման։ Բնականաբար, արտահանողներն էլ դժվարություններ են կրում, ներքին շուկայում գործող կազմակերպություններն էլ։ Բայց, մենք կարող ենք արտադրել, մենք կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որն աճում է բարձր տեմպերով։ Այո, էական կրճատվելու է տնտեսական արդյունքը, բայց չնայած 2020 թվականի դժվարություններին, մենք արագ կվերականգնենք մեր տնտեսական պոտենցիալն ու ակտիվությունը»,- նշեց Խաչատրյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարելու դեպքում փոխվեն քաղաքացիներին տրամադրվող աջակցության չափերը, Խաչատրյանը պատասխանեց՝ հնարավոր է, որ փոփոխվեն, բայց ոչ թե համավարակի տևողության կամ պայքարի տևողությամբ պայմանավորված, այլ ընդհանրապես։
«Մենք նախընտրել ենք, որ աջակցությունը հասանելի դառնա որքան հնարավոր է արագ, չի բացառվում, որ որոշ դեպքերում ունեցել ենք որոշումներ, որոնք վերանայման կարիք ունեն։ Մենք զուգահեռաբար ստանում ենք հարցումներ, որոնք ցույց են տալիս՝ որտեղ պետք է սահմանափակումներ մտցնելուց զգույշ լինեինք։ Հիմա մենք ասում ենք՝ օգնում ենք նրանց, ովքեր չեն ունեցել ժամկետանց հարկային կամ վարկային պարտավորություններ, բայց երբ այդ դիմումատուների քանակը կսպառվի, մենք կտեսնենք, որ առկա են ֆինանսական միջոցներ նաև այլ մարդկանց հասցեական աջակցություն տրամադրելու համար, ապա մենք դա կանենք»,- տեղեկացրեց Խաչատրյանը։
Նախարարը նշեց նաև, որ աջակցության ծրագրի առաջին շահառուները հաջորդ շաբաթ բանկերից վարկեր կստանան։
«Գումարները կհասնեն այն կազմակերպություններին, որոնք հաստատել են իրենց համապատասխանությունը սահմանված կարգապահական պահանջների (վարկերի և հարկերի մարման կարգապահություն)։ Գյուղատնտեսական վարկերի հարցում մի փոքր տեխնիկական խնդիր ունենք, քանի որ արտակարգ դրության պահանջներով պայմանավորված առևտրային բանկերի որոշ մասնաճյուղեր այս օրերին սպասարկում չեն իրականացնում, բայց հայտեր ընդունում են։ Այսինքն՝ նրանք կարող են ընդունել առկա հայտերը, կքննարկեն դրանք, և երբ սկսեն ամբողջ ծավալով գործել, նաև էդ վարկային ռեսուրսները հասանելի կդառնան շահառուներին»,- մանրամասնեց Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ հաջորդ շաբաթ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց հաշվի վրա կտեսնեն կառավարության կողմից հատկացված միջոցներ։
Հարցին, թե ինչպիսի ազդեցություն և հետևանք կունենա խանութների գործունեության արգելքը, երբ օնլայն տարբերակով շատ խանութներ առևտուր են կազմակերպում, իսկ մյուսները չգիտեն՝ ինչպես վարվել, Խաչատրյանը պատասխանեց՝ խանութ նշանակում է առանձնացված տարածք, որտեղ առկա է սպասասրահ և մարդիկ ֆիզիկական շփման մեջ են. «Դնելով արգելքը՝ մենք նկատի ենք ունեցել, որ գնորդը չի կարող ֆիզիկապես ներկա լինել այդ տարածքում։ Իսկ էլեկտրոնային տարբերակով առևտուր իրականացնել մենք թույլ ենք տվել՝ հաշվի առնելով, որ այդտեղ սպասարկումը մարդկանց առողջությանը չի սպառնում։ Էլեկտրոնային առևտրի սպասարկումը կարող է իրականացվել խանութների պահեստներից, խանութի սրահից, որի դռները հասարակության համար փակ են։ Եկեք հստակեցնենք՝ առցանց առևտուրը չի արգելվում»։
Դիտարկմանը, որ պարենային ապրանքների գները բարձրացել են, օրինակ, հնդկաձավարը 250-ից դարձել է 750 դրամ, իսկ ոսպինը՝ 450-ից՝ 700, Խաչատրյանն արձագանքեց՝ դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով։
«Մեր ապրանքների հիմնական մասը ներկրվում է Իրանից կամ ՌԴ-ից, և վերջին ժամանակներում այդ առումով կան դժվարություններ։ Չնայած դրան, առ այսօր կանոնավոր կերպով կատարվում են փոխադրումները։ Ինչ վերաբերում է հնդկաձավարին, ապա եղել է պարզաբանում, որ հնդկաձավարի գները Ռուսաստանում սկսել էին բարձրանալ կորոնավիրուսի ազդեցությունից առաջ և դա պայմանավորված է շուկայով։
Այս հունվարի նախորդի համեմատ հնդկաձավարի գինը կրկնակի բարձրացել է։ Հնարավոր են որոշ ապրանքների գների փոփոխություններ, բայց մենք հույս ունենք, որ մեր տնտեսվարողներն այնպես կկազմակերպեն իրենց աշխատանքը, որ դա սպառողների համար հարմար լինի և գների բարձրացում չլինի։ Իսկ եթե առանձին տնտեսվարող սուբյեկտներ չարաշահեն իրավիճակը, կլինի համապատասխան արձագանք»,- նշեց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի 10,000 ֆերմեր կօգտվի 60 մլրդից ավելի գյուղատնտեսական վարկից, որի տոկոսագումարը կվճարի պետությունը. Խաչատրյան
- Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման կարգերը դեռ բոլորը չեն մշակվել