«Հրապարակ». Ոչ պրոֆի մոտեցումը իրավիճակին չի օգնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագետները գտնում են, որ կորոնավիրուսի համավարակը կպայթեցնի ամենազարգացած տնտեսություններն անգամ, ի՞նչ եք կարծում, Արցախին` ամերիկյան «խաղաղասիրական օգնության» պրոյեկտը կիրականացվի՞, հարցրինք քաղաքագետ Սուրեն Սարգսյանին։ «Խնդրին անդրադարձ կլինի, երբ վիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված, համեմատաբար հանդարտվի։ Ամերիկացիների մոտավոր հաշվարկով, համավարակի պիկը կլինի մինչև ապրիլի կեսը, հետո կսկսի անկումը, որից հետո էլ կլինի անդրադարձը»:
ԱՄՆ-ն 16 միլիոնի աջակցություն էլ կտրամադրի Հայաստանին, ինչն այս իշխանությունների օրոք ամենաբարձր ցուցանիշն է, սակայն «նախկինների» ժամանակ այդ թիվը հասել է մինչև 40 միլիոն, կտրամադրվի՞ գումարը։ «Անպայման, ի դեպ, չի բացառվում, որ ընթացիկ ծրագրերով այդ թիվը ևս մի քիչ մեծանա, եթե Հայաստանի իշխանություններն ավելի ձեռնհաս ու ակտիվ գտնվեն։ Վաշինգտոնի կողմից աջակցության ցանկություն կա, սակայն հայկական կողմի ոչ հետևողական ու ոչ պրոֆի գործունեությունն իրավիճակին չի օգնում»:
Ի դեպ, ԱԳՆ վերջին ձևակերպումը՝ «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված խախտում», նույնպե՞ս «ոչ պրոֆի» մոտեցման արտահայտություն էր։ «Ձևակերպումն առաջին անգամն էր օգտագործվում հայերեն տեքստում, ԱԳՆ-ն փորձեց մեղքը գցել փորձագետների վրա, սակայն կարծում եմ` էքսպերտների հետ պետք է համատեղ աշխատել և ոչ թե նրանց մեղադրել։ Ու եթե անկեղծ, ես շատ զարմացած եմ, թե ինչու են այդ տերմինն օգտագործում, որովհետև եթե դու մի անգամ այն օգտագործել ես, ապա պետք է միշտ օգտագործես, հակառակ դեպքում կստացվի, որ մնացած դեպքերում պրովոկացիոն քայլեր եղել են»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: