ՊԵԿ. Աշխատանքներ են տարվում ՀՀ-ի, Վրաստանի տարածքում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ:
Դրանք առաջացել են ինչպես Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցումային կետում առկա մոտ 800 բեռնատարներից, այնպես էլ Վրաստանի տարածք արդեն իսկ հասած ավտոմեքենաներից: Տվյալ տրանսպորտային միջոցները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում հաշվառված ավտոմեքենաներ են:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ և մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչև Վերին Լարսի անցումային կետ:
ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են գտնվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ և աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում առկա կուտակումները նվազեցնելու և ծագող խնդիրներն օպերատիվ կարգավորելու ուղղությամբ։
Ներկա պահին դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
- Բացառության կարգով Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները Վրաստանով տեղափոխվել են Հայաստան
- Դեսպանություն. Հույս կա, որ Լարսի ճանապարհը մի քանի ժամվա ընթացքում երթևեկելի կլինի