Խոջոյան. Մեծ արտադրողներն արդեն իսկ զգում են COVID-19-ի ստեղծած խնդիրների ազդեցությունը
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը քննարկել են ՀՀ-ում ՊԳԿ-ի կատարած աշխատանքի առաջնահերթությունները և տեսակետներ են փոխանակել COVID-19 համավարակի արդյունքում առաջացած դժվարին իրավիճակում համատեղ աշխատանքները արդյունավետ շարունակելու վերաբերյալ: Հասկանալի պատճառով քննարկումը կայացել է հեռահար տարբերակով: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաղորդակցության մասնագետ Անի Գրիգորյանը։
Կորոնավիրուս հիվանդության բռնկման հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ գործունեություններ ակամայից շեղվել են իրենց բնականոն ընթացքից: Շատ երկրների կառավարություններ, ներառյալ Հայաստանը, համավարակին դիմակայելու նպատակով ժամանակավորապես փոխել են իրենց առաջնահերթությունները:
Փոխնախարար Ա. Խոջոյանը մասնակիցներին, որոնց մեջ են եղել նաև ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՊԳԿ ազգային տնտեսագետ Վարդան Բարսեղյանը, հակիրճ ներկայացրել է երկրում տիրող ներկայիս իրավիճակը, որը, հիվանդության հաստատված աճող դեպքերի պատճառով դեռևս գտնվում է արտակարգ դրության մեջ: Խոջոյանը նաև իր տեսակետն է հայտնել ՊԳԿ-ՀՀ կառավարություն մակարդակում՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակում համագործակցության ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ:
Ա. Խոջոյանը տեղեկացրել է, որ կառավարությունը մշակել է COVID-19-ին դիմակայելու գործողությունների փաթեթ՝ օգնելու տնտեսությանը, ներառյալ գյուղատնտեսական ոլորտին: Ըստ նրա, պետք է վերանայվեն նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, որոնք կներառեն որոշ գյուղատնտեսական գործունեությունների համար վարկերի սուբսիդավորումը, այն է՝ գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգը, ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաև անասնաբուծությունը:
Նրա խոսքով, մեծ արտադրողներն արդեն իսկ զգում են COVID-19-ի ստեղծած խնդիրների ազդեցությունը, ինչը դեռևս չի կարելի ասել փոքր արտադրողների մասին: Ակնկալվում են փոփոխություններ գյուղատնտեսական արտադրության ցանկացած մակարդակում: Պետք է ակնկալել նաև ներմուծվող ներդրանքների գների աճ, օրինակ, սերմերի, պարարտանյութի դեպքում:
«Ներկայումս կառավարությունը քննարկում է գների բարձրացման տարբեր սցենարներ: Քննարկվում են նաև տարբերակներ պարենային ապրանքների պակասի կամ ներդրանքների առկայության խնդիրների առաջացման դեպքերի համար։ Կարող են խնդիրներ առաջանալ նաև կապված շուկաների հասանելիության հետ, որի պարագայում շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտություն կլինի, որն էլ իր հերթին կարող է նպաստել գյուղմթերքների արտահանմանը»,- ասել է Խոջոյանը:
ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն փոխնախարարին ներկայացրել է ՊԳԿ-ի իրականացրած միջոցառումները` աշխարհում համավարակի ազդեցությունը պարենի և գյուղտնտեսության վրա մեղմելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրել է այն գործողությունների մասին, որ կազմակերպությունն իրականացնում է առավել խոցելի մարդկանց պարենային անվտանգությունն ու կենսապայմանները ապահովելու ուղղությամբ:
«Մենք շեշտը կդնենք հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունների վրա»»,- ասել է Ռայմունդ Յելեն: Նա կազմակերպության աջակցությունն է առաջարկել նախարարությանը՝ իրավիճակի արագ գնահատմանն ուղղված գործողություններում, համավարակիազդեցությունները վերլուծելու և ոլորտին ուղղված նպատակային արձագանքելու համար:
ՊԳԿ ներկայացուցիչը նաև նշեցլ է, որ կազմակերպության կողմից մշակված հետաղետային կարիքների գնահատման առցանց ծրագիրը կվերանայվի և կհարմարեցվի, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել փոքր տնտեսությունների իրավիճակի վերաբերյալ համայնքներից տեղեկատվություն հավաքագրելու համար: Կախված իրավիճակից, այն կծառայի որպես կանխատեսմանն ուղղված գործիք, ինչպես նաև որպես ազեցությանը հետևելու մեխանիզմ (թարմացնելով տեղեկատվությունը այնպիսի կարևոր պահերի համար, որոնք են՝ ցանքի ժամկետի ավարտը, բերքահավաքի ավարտը, և այլն):
Յելեն տեղեկացրել է, որ հնարավոր է նաև աջակցության տրամադրում կոոպերատիվների կարողությունների հզորացման, ինչպես նաև գյուղատնտեսության ու գյուղական վայրերի զարգացման ոլորտի քաղաքականության մշակման հարցում:
Եվ Խոջոյանը, և Յելեն հաստատել են հետագա սերտ երկխոսության շարունակականության կարևորությունը՝ նախարարությանը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտին համարժեք և ժամանակին արձագանքելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտին նվազել են
- Պարենային ապրանքների գները մարտին նվազել են