ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից:
«Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում էին ստացել Տավուշի շրջանի Ոսկեվան բնակավայրի անչափահաս բնակիչը և երկու զինծառայողներ: Հարկ է ընդգծել, որ այս ռազմական միջադեպի ընթացքում ադրբեջանական զինված ստորաբաժանումները քաղաքացիական ենթակառուցվածքում թիրախավորել էին քաղաքացիական անձի՝ երեխայի, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:
Ակնհայտորեն Ադրբեջանը փորձում է օգտագործել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկումների ժամանակավոր կասեցումը հրադադարի խախտումներ իրականացնելու և կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով:
Եվս մեկ անգամ ընդգծում ենք մեր հանձնառությունը` հարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը և այս ժամանակաշրջանում խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողություններից:
Նշենք, որ նման իրադրություններում առավել ընդգծվում է ռիսկերի նվազեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացման և այդ նպատակով արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծման կարևորությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում ադրբեջանցու գնդակից վիրավորված երեխային երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն չկա
- Տավուշում ադրբեջանցիների կողմից երեխային վիրավորելու փաստով ՄԻՊ-ը հատուկ նամակ կուղարկի միջազգային կառույցներին
- ՀՀ ԱԳՆ. Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի
- Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
- Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա. ՊՆ