Արցախի ՄԻՊ. Արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների վերաբերյալ։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Արդյունքում, Պաշտպանն ընդգծում է հետևյալ կետերը՝
1. Պաշտպանն արձանագրում է, որ կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող ընտրություններ՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության և հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի հետագա ընտրական գործընթացների արդյունավետությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը:
2. Ընտրական գործընթացների դիտարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապ է պահպանել պետական լիազոր մարմինների, դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի և ընտրական գործընթացում ներգրավված այլ սուբյեկտների հետ:
3. Մարդու իրավունքների պաշտպանը նախագահի բոլոր թեկնածուներին և կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական շրջանում առաջարկել է հանդիպել՝ քննարկելու իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հնարավոր հիմնախնդիրները: Արդյունքում, Պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել հետաքրքրություն հայտնած բոլոր թեկնածուների և քաղաքական ուժերի հետ, արձանագրել իրենց մտահոգությունները և ներկայացրել Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքները:
4. Նախընտրական քարոզչության փուլում Պաշտպանը մի շարք ահազանգեր է ստացել նախագահի թեկնածուներից և քաղաքական ուժերից, որոնք վերաբերում էին հիմնականում պաստառների վնասմանն ու չթույլատրված վայրերում տեղադրելուն, որոշ համայնքապետերի կողմնակալությանն ու նախընտրական քարոզչության կազմակերպչական հարցերում պատշաճ աջակցություն չցուցաբերելուն: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում կատարել է կոնկրետ գործողություններ ահազանգերի մանրամասները ճշտելու և հնարավոր իրավախախտումները կանխարգելելու ուղղությամբ:
5. Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման է ենթարկել նաև լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում: Այդ ընթացքում Պաշտպանը՝
Ա) Հանդես է եկել իր լիազորություններին վերաբերող մի շարք ենթադրյալ իրավախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով.
Բ) Սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից կատարած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 հրապարակման առթիվ՝ դրանք փոխանցելով ԱՀ գլխավոր դատախազություն.
Գ) Արձանագրել է մարդու իրավունքների մշակույթը խաթարող երևույթների հիմնականում դրվագային դրսևորումներ, ներառյալ՝ կոնկրետ խմբերի կամ անձանց հանդեպ անհանդուրժողական ու ատելության խոսք, վիրավորանք, իրականությանն առերևույթ չհամապատասխանող տեղեկություններ, որոնց զգալի մասը տարածվում էր սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի և որոշ լրատվամիջոցների կողմից.
Դ) Արձանագրել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում մի խումբ հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության հիմնական, հատկապես՝ քաղաքական զսպվածության ու անկողմնակալության սկզբունքների խախտման մասին վկայող մի շարք ահազանգեր ու դրսևորումներ.
Ե) Ի գիտություն է ընդունել ընտրական ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ մի շարք անհստակ ու անհասցե հրապարակային հաղորդումներ, որոնք տրվում էին գլխավորապես նախընտրական քարոզչություն իրականացնող սուբյեկտների կամ նրանց հետ առերևույթ փոխկապակցված անձանց կողմից.
Զ) Նախնականորեն վերլուծել է արձանագրված հիմնախնդիրների օրենսդրական ու իրավակիրառական պատճառները՝ հետագա ընտրական բարեփոխումների համար առաջարկներ մշակելու նպատակով:
6. Պաշտպանը նախընտրական քարոզչության փուլում դիտարկել է հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները՝ արագ արձագանքելով մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ պետական մարմինների կողմից միջամտության մասին ահազանգերին:
7. Մարդու իրավունքների պաշտպանը նաև առաջարկներ է ներկայացրել լիազոր մարմիններին քվեարկության օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:
8. Պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով դիտարկել է նաև քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքը՝ և՛ սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, և՛ուղիղ հեռարձակմամբ, և՛ դիտորդական խմբերի հետ կայուն կապ պահպանելով:
9. Քվեարկության օրվա ընթացքում թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է 12 դիմում, որից 6-ի վերաբերյալ տրամադրվել է խորհրդատվություն առանձին իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, իսկ 6-ը վերաբերել է հաշվառման և ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելու հարցերին, որոնց կարգավորման մասով Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
10. Քվեարկության օրվա ընթացքում սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների դիտարկման արդյունքում Պաշտպանի աշխատակազմը հնարավորինս հավաքագրել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակային հաղորդումները: Տվյալ ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը շեշտադրում է՝
Ա) Պաշտպանի աշխատակազմը հրավիրել է ԱՀ գլխավոր դատախազության ուշադրությունը 17 հաղորդման վրա, որոնք բոլորն էլ ընթացքավորվել են, իսկ դրանցից 7 հաղորդման առթիվ քրեական գործեր են հարուցվել.
Բ) Պաշտպանը ողջունում է, որ իրավապահ մարմինները փաստացի փոխել են իրավակիրառ պրակտիկան և սկսել են անհապաղ հարուցել քրեական գործեր համապատասխան առիթների և հիմքերի առկայության դեպքում, ինչը հնարավորություն է տալիս նրանց բոլոր հանգամանքներն ուսումնասիրել օպերատիվ ու արդյունավետ կերպով.
Գ) Իր լիազորություններին առնչվող դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու, որպեսզի կարողանա ավելի համակողմանիորեն հետևել իրավապահ մարմինների գործողություններին տվյալ հաղորդումների շուրջ.
Դ) Պաշտպանի աշխատակազմն ավելի երկարաժամկետ կտրվածքում վերլուծելու է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները և իրավապահ մարմինների քննությունների արդյունքները, որպեսզի վերհանի դրանց պատճառները և համապատասխան առաջարկներ ներկայացնի պատկան մարմիններին ընտրական օրենսդրության ու պրակտիկայի հետագա բարեփոխման ուղղությամբ:
11. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քվեարկության օրն ընտրական իրավախախտումների գերակշիռ մասը կրում էր դրվագային ու ոչ դիտավորյալ բնույթ՝ պայմանավորված կազմակերպչական խնդիրներով և ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց կողմից օրենսդրության ոչ պատշաճ իմացությամբ, որոնց կողմից քվեարկության արդյունքների վրա հնարավոր էական ազդեցության մասին վկայող հիմնավոր ապացույցներ հայտնի չեն Պաշտպանին:
12. Թերևս միակ առերևույթ կազմակերպված իրավախախտման վերաբերյալ հանրային կասկած հարուցող երևույթը որոշ ընտրողների կողմից իրենց լրացված քվեաթերթիկների լուսանկարահանումն էր: Հաշվի առնելով նախընտրական քարոզչության փուլում հրապարակված որոշ ահազանգեր ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի վերաբերյալ և լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման ներկայացված դեպքերը՝ հանրության մոտ կարող էր առաջանալ ողջամիտ կասկած այդ դեպքերի հանցավոր բնույթի շուրջ: Այդ առումով Պաշտպանն ընդգծում է՝
Ա) Իրավապահ մարմինները պետք է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակներում օպերատիվ ու արդյունավետ կերպով ուսումնասիրեն լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի և ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջև պատճառահետևանքային հնարավոր կապերը՝ հարգելով օրենսդրությամբ չարգելված արարք կատարած ընտրողների անմեղության կանխավարկածը.
Բ) Անընդունելի ու ապօրինի էին լրացված քվեաթերթիկը լուսանկարահանած ընտրողների կողմից կամավոր և այլոց կողմից հարկադրաբար քվեարկության արդյունքը բացահայտելու և հրապարակելու դեպքերը.
Գ) Հաշվի առնելով հանրության ողջամիտ կասկածները լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի և ընտրողների կամքի ազատ ձևավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջև պատճառահետևանքային կապերի առկայության վերաբերյալ՝ պետությունը պետք է ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման շրջանակներում ձեռնարկի քվեարկության գաղտնիության երաշխիքների ավելացմանն ու հանրության ողջամիտ կասկածների բացառմանն ուղղված հետևյալ կանխարգելիչ միջոցները՝
• Ներդնել ՀՀ-ում գործող՝ քվեարկության ծրարի և ինքնասոսնձվող դրոշմանիշի կիրառման մեխանիզմը,
• Օրենսդրությամբ արգելել ոչ միայն քվեարկության արդյունքը բացահայտելն ու հրապարակելը, այլ նաև՝ լրացված քվեաթերթիկը լուսանկարահանելն ու տեսանկարահանելը:
13. Նկատելի էին որոշ ահազանգեր նաև տեղամասային կենտրոններում օրենսդրությամբ չնախատեսված անձանց, հատկապես՝ պատգամավորության թեկնածուների ներկայության դեպքերի մասին, ինչը երբեմն կարող էր ընկալվել որպես քվեարկության ընթացքի վրա ներազդելու կամ քարոզչության փորձ: Այս առումով պետք է բարելավել տեղամասային հանձնաժողովների նախագահների պատրաստվածությունը և ապահովել օրենսդրական պահանջներին համապատասխան կարգուկանոն տեղամասային կենտրոններում:
14. Պաշտպանը ողջունում է ԱՀ Կառավարության որոշումն աջակցելու քվեարկության օրվա ողջ ընթացքում Ստեփանակերտի և շրջկենտրոնների բոլոր 48 տեղամասային կենտրոնների աշխատանքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու նախաձեռնությանը, ինչը լրացուցիչ ու արդյունավետ մեխանիզմ է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վերահսկողության համար: Կարևոր է, որ ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման ժամանակ օրենսդրությամբ նախատեսվի քվեարկության ու դրա արդյունքների ամփոփման գործընթացների տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման մեխանիզմ, առավել ևս, երբ արդեն կա հաջողված փորձ:
15. Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է նաև պետական լիազոր մարմինների ձեռնարկած կարևոր միջոցառումները նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ՝ տեղամասային կենտրոնների ախտահանումը, անհատական գրիչների, դիմակների ու ձեռնոցների բաժանումը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ առերևույթ չեն ձեռնարկվել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ, ինչն ընթացիկ պայմաններում կարող էր հանգեցնել մարդկանց առողջության պահպանման իրավունքի զանգվածային խախտման:
16. Պաշտպանը պատրաստակամություն է հայտնում արդյունավետորեն համագործակցել ընտրությունների արդյունքում Ազգային ժողով անցած և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանության:
17. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևելու է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին և իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը Պաշտպանի լիազորությունների շրջանակներում երաշխավորելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԿԸՀ նախագահ. Առանձնահատկություններն այս ոչ ստանդարտ իրավիճակում դառնալու է պատկան մարմինների քննարկման թեման
- ԿԸՀ նախագահ. Հավատարմագրվել են ռեկորդային թվով դիտորդներ՝ Արցախի ընտրությունների դիտարկման առաքելությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան