Իսրայելոմ ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ուսանողների հետ.Նաղդալյան
Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ուսանողների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ:
Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան:
Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը:
Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:
Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ և պարետատունն ամբողջովին տիրապետում են ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա և գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների հասցեագրած ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված և ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում:
Յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձևը և ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները և կոնկրետ իրավիճակը:
Բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում չտրվել այս կամ այն առանձին դեպքի շուրջ աժիոտաժ ստեղծելու և այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը: Իրավիճակը պահանջում է քաղաքացիական պատասխանատվություն և լուրջ վերաբերմունք բոլորի կողմից», -նշված է ԱԳՆ հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան