Վրաստանը նոր կանոններ է սահմանել երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել ստորև նշված կանոններին.
«Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ.
- Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում):
- STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել և ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք:
- Ստեղծված դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում և այլն) վարորդը պետք է կապ հաստատի համապատասխան ծառայությունների հետ և մինչև նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին` 112:
- Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը.
- Տարանցիկ տեղափոխվելիս (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում:
- Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում»։