Պարզվել է, թե ինչպես է համավարակը տարածվել Թուրքիայում
Չնայած կորոնավիրուսի տարածումը և ներթափանցումը Թուրքիա կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ համավարակը սփռվել է ողջ երկրով մեկ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե որտեղից է վարակը ներթափանցել Թուրքիա և ինչպես է տարածվել երկրում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ մահաբեր վարակի տարածման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն այն քաղաքացիները, որոնք վարակված լինելով հանդերձ, անպատասխանատու վարք են դրսևորել և չեն հետևել զգուշացումներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից Ստամբուլ և Իզմիր է անցել Եվրոպայից։
Երկրի կենտրոնական, արևելյան շրջաններում կորոնավիրուսը տարածվել է Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացություն՝ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիներից, հարավ-արևելյան և արևելյան շրջաններում՝ Իրանից և Իրաքից, միջերկրածովյան և սևծովյան շրջաններում՝ Եվրոպայից և Թուրքիայի խոշորագույն քաղաքներից։
Մասնավորապես՝ Թուրքիայի 5 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում և Քոջաելիում վարակը տարածվել է Եվրոպայից Ստամբուլ վերադարձած քաղաքացիներից։ Իսկ Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներից Անթալիայում վարակն անցել է Իզմիրից և Եվրոպայից, որից հետո էլ տարածվել է հարակից շրջաններում։