Բրիտանիայի դատարանը «դիզելգեյթ»-ի գործով կանգնել է ավտոմեքենաների 90 հազար տերերի կողքին
Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հօգուտ բրիտանացի մոտ 90 հազար սեփականատերերի՝ բավարարելով վերջիններիս միասնական դատական հայցն ընդդեմ Գերմանական «Ֆոլքսվագեն» ընկերության՝ ծրագրային ապահովման խարդախությունների մասով։ Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին երկուշաբթի հաղորդել է The Guardian-ը:
Ըստ թերթի, դատարանը հաստատել է, որ հատուկ ծրագիրը, որը նախատեսված էր գնահատելու մեքենաներից վնասակար արտանետումների մակարդակը՝ կարելի է համարել «կեղծ սարքավորում»:
«Այն զրոյի է հասցնում թեստի նպատակայնությունը, քանի որ անհնար է դարձնում դրա կիրառումը իրական ճանապարհային պայմաններում, ինչպես նախատեսված է», -դատավորի խոսքը մեջբերել է պարբերականը:
Դիզելային սկանդալը, որի կենտրոնում հենց սկզբից հայտնվել էր Volkswagen-ը, սկսվել էր 2015 թվականին: Պարզվել էր, որ կոնցեռնի մեքենաները հագեցած են ծրագրակազմով, որոնք թույլ են տվել վնասակար նյութերի մակարդակը արտանետվող գազերում պակաս ցույց տալ:
Այս համակարգի շնորհիվ թվում էր, թե մեքենաները լիովին բավարարում են ընդունված արտանետման նորմերին: Իրականում, դրանք մի քանի անգամ բարձր են եղել օդի աղտոտման սահմանային թույլատրելի հաստատված մակարդակից: