Ելիզավետա Երկրորդ թագուհի. Մենք նորից կհանդիպենք, լավագույն օրերը կվերադառնան
«Լավագույն օրերը կվերադառնան, մենք նորից կլինենք մեր ընկերների և ընտանիքների հետ, մենք կրկին կհանդիպենք»,- ազգին ուղղված հեռուստաուղերձում նախօրեին ասաց Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը՝ շնորհակալություն հայտնելով բրիտանացիներին, որոնք հետևում են կարանտինում մնալու հորդորին: Այս մասին գրում է Euronews-ը։
Ուղերձում թագուհին հայտարարեց, որ երկիրը ծայրահեղ ծանր ժամանակներում է գտնվում, որն ինչ-որ մեկին վիշտ է բերել, հանգեցրել ֆինանսական դժվարությունների և առօրյա կյանքում հսկայական փոփոխությունների բոլորի համար:
«Միասին մենք հաղթահարում ենք այս հիվանդությունը, և ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մենք մնանք միասնական և անսասան, մենք կհաղթենք այն: Հուսով եմ, որ ապագայում բոլորը հպարտ կլինեն, թե ինչպես են վարվել այս խնդրի հետ բախվելիս, և որ նրանք, ովքեր կապրեն մեզանից հետո, կկարողանան ասել, որ բրիտանացիների ներկայիս սերունդը նախորդներից ավելի թույլ չէր»,-ասել է Ելիզավետա թագուհին։
Միացյալ Թագավորությունում վարակից մահացել է 4934։ Մինչդեռ կիրակի օրը շատ բրիտանացիներ, անտեսելով կարանտինային ռեժիմը, դուրս էին եկել այգիներ և լողափեր:
Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Մեթ Հենքոկը բրիտանացիներին հորդորել է պահպանել սահմանափակումները. «Ես հասկանում եմ, որ բոլորն ուզում են վայելել արևոտ եղանակը, բայց կորոնավիրուսի մասին դաժան ճշմարտությունն այն է, որ այն բազմապատկվում է սոցիալական շփումների միջոցով»:
Հենքոկը նշել է, որ իշխանությունները կարող են խստացնել կարանտինը, եթե կանոնները շարունակվեն խախտվել:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 621 հիվանդ, մոտ 48 հազար բնակիչ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: