Ունենք 16 մեկուսացված և 6 կորոնավիրուսով վարակված ոստիկան. փոխոստիկանապետ
«Պարետի որոշմամբ սահմանված է տնտեսական գործունեության կարգը և այդտեղ պարզ նշված է գյուղատնտեսական գոծունեություն կատարելու իրավունք ունեցող անձանց ցանկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով հարցին՝ թույլատրվա՞ծ է մայրաքաղաքի մերձակա համայնքներից գյուղատնտեսական մթերք վաճառելու նպատակով քաղաքացիների մուտքը Երևան։
Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանները՝ համաձայն այդ որոշման, տեղում կարգավորում են այդ խնդիրները, և քաղաքացիների պատճառաբանությունը պետք է արժանահավատ լինի, որպեսզի ոստիկանները կարողանան կարգավորել դա։
Հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանում հանցավորության վիճակը կորոնավիրուսի օրերին, և նվազե՞լ են արդյոք ՃՏՊ-ներն այս օրերին, Մհրյանը պատասխանեց՝ չնայած այժմ ոստիկանությունն էական գործունեություն է իրականացնում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման համար, այնուամենայնիվ օպերատիվ իրավիճակը գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո.
«Այո, հանցագործությունների էական նվազում կա, նաև գողությունների մասով»։
Դիտարկմանը, որ, ըստ քաղաքացիների, շատ բակերի զրուցարաններում մարդկանց կուտակումներ կան, իսկ հսկողներ չկան, փոխոստիկանապետն արձագանքեց՝ ցավոք, բակերում հաճախ նման կուտակումներ լինում են, ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցներն ամենօրյա շրջայցեր են կատարում և ուժերի սահմաններում փորձում են քաղաքացիներին համոզել, որպեզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները։
Հարցին՝ արդյո՞ք ինքնամեկուսացած քաղաքացիների կողմից եղել են ինքնամեկուսացման ռեժիմի խախտումներ, և եղե՞լ են դեպքեր, որ այդ անձինք լքեն մեկուսացման վայրը, Մհրյանը պատասխանեց, որ նման դեպքեր եղել են.
«Այսօրվանից սկսվելու է նաև բջջային հավելվածով խնդրի կարգավորումը, արդյունքների մասին ավելի ուշ կխոսենք»։
Ինչ վերաբերում է լիցենզավորված տաքսու վարորդների տեղաշարժի համար նախատեսված արգելքներին, ապա Մհրյանը նշեց, որ անհատ տաքսու վարորդը պետք է իր տեղաշարժի հետ կապված տեղեկանք ունենա, թե որտեղից ուր է գնում։
Անդրադառնալով օրերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները վազում քաղաքացու հետևից՝ Մհրյանը տեղեկացրեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ոստիկանները ցանկացել են ստուգել քաղաքացու փաստաթղթերը, բայց նա փախել է, հարկադրանքի միջոց էլ չի կիրառվել։
Հարցին, թե այս պահին քանի՞ մեկուսացված ոստիկան կա, փոխոստիկանապետը նշեց՝ ունեն 16 մեկուսացված և 6 կորոնավիրուսով վարակված ոստիկան.
«Ոստիկանները պրոֆիլակտիկ թեստ չեն անցնում, թեստ են անցնում այն ոստիկանները, որոնք հնարավոր է՝ խնդիր կարող է ունենան»։
Մհրյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին պարգևավճար ստանալու ժամանակը չի, և իրենք չեն ստացել։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց, որ ոստիկանությունում համակարգված դրամահավաք չի եղել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին փոխանցելու համար։
Ինչ վերաբերում է անտուն մարդկանց, ապա, ըստ Մհրյանի, ոստիկանությունն այս օրերին, օրինակ, Երևանի քաղքապետարանի սոցիալական վարչության հետ համատեղ աշխատում է, որպեսզի անտուն քաղաքացիները հայտնաբերվեն և համապատասխան կացարան տեղափոխվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան