Լարսի փակ լինելու պատճառով 3 լաստով Հայաստանի համար ցորեն է բերվում. Գեղամ Գևորգյան
«Այսօր ազգաբնակչությանն ամենաշատը հուզում են առաջնային անհրաժեշտության ապրանքների գները, արդյո՞ք կան թանկացումներ»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին։
Պատասխանելով հարցին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ շուկայում ապրանքների գները կարգավորելու կամ միասնական գին սահմանելու իրավասություն ՏՄՊՊՀ-ն չունի։ Այդ ֆունկցիան ՀՀ-ում որևէ մարմին չունի.
«Այս պահին մենք բոլոր ապրանքային շուկաներում ունեք հարուցված գործընթացներ։ Բայց մեկ կամ երկու օրվա ընթացքում անթույլատրելի է գործ հարուցել և տնտեսվարողին պատասխանատվության ենթարկել»։
Ինչ վերաբերում է գների դինամիկային, ապա Գեղամ Գևորգյանը նշեց՝ կան որոշակի բարձրացումներ, բայց այն աղաղակող հայտարարությունները, թե ապրանքների գները կրկնակի աճել են, ըստ նրա, սուտ են՝ նման փաստ գոյություն չունի։
«Կամ պետք է հստակ ապացույց ներկայացվի, թե որտեղ է դա, որպեսզի մենք կարողանանք նայել, կամ ուղղակի մենք չենք կարող այդ հայտարարության հետևից գնալ։ Նայում ենք Երևան քաղաքում բոլոր խոշոր և ոչ խոշոր առևտրային ցանցերը, նայում ենք ներմուծողներին և արտադրողներին, ու ամենօրյա ռեժիմով հետևում»,- ասաց Գևորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, վերջին օրերին ապրանքի գների թանկացումները հիմնականում պայմանավորված են արտաժույթի բարձրացմամբ և ներմուծման թանկացմամբ.
«Հիմնավորումը, որ արտարժույթը թանկացել է, կամ բեռնափոխադրումները թանկ են, մենք որպես բացարձակ ճշմարտություն չենք ընդունում, ուղղակի տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է։ Ճիշտ կլինի, շատ բարի, մենք գործընթաց չենք հարուցի, հակառակ դեպքում՝ տնտեսվարողը պատասխանատվության կենթարկվի»։
Գևորգյանը տեղեկացրեց, որ այսօրվա տվյալներով, գրեթե բոլոր առևտրային կետերում ապրանքների գները նվազել են։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ տեղական արտադրության բանջարեղենի գինը ևս իջել է։
Արկադի Խաչատրյանն էլ արձագանքեց՝ այո, հանձնաժողովը գին սահմանող չէ, սակայն պետք է չարաշահումներին հետևի և կանխարգելի. «Եթե սպասենք, որ լինի բողոք, մինչև դա ուսումնասիրվի, ամիսներ կձգվեն, այստեղ շատ կարևոր է ամենօրյա մոնիթորինգը»։
Որպես պատասխան Գևորգյանը նշեց՝ երբ իտալական լոլիկը նկարում են և ասում, որ լոլիկը 5000 դրամ է, այնինչ կողքը 750 դրամանոց լոլիկ կա, մարդիկ սկսում են մտածել, որ համատարած ամեն ինչ թանկացել է։
«Մենք մեխանիկական աշխատանք ենք կատարում, որի իրավասությունն էլ չունենք։ Մենք տնտեսվարողներից ամեն օր ինֆորմացիա ենք ստանում, նույնիսկ մարզպետարանների աշխատակիցների միջոցով ապրանքների մոնիթորինգ ենք անում։ Նույն հացի գնի մասին, որ ասում ենք, մենք գիտենք, որ ալյուրի գինը բարձրացել է, և գուցե հացը թանկանա։ Մենք խոսում ենք հացի գնի կրկնակի թանկացման մասին, բայց այն թանկացել է 10-20 դրամով»,- տեղեկացրեց Գևորգյանը։
Անդրադառնալով վերջերս մեծ աղմուկ առաջացրած իմբիրի գնի բարձրացմանը՝ Գևորգյանը նշեց, որ պարզվել է՝ ներմուծողներն ապրանքի գինը չեն բարձրացրել, իրենք թանկ գնով առել են, թանկով էլ վաճառել.
«Կամ հիմա գնում նկարում են 5000 դրամանոց պուճուր լոլիկը, որ ավելի քան վստահ եմ, նկարողների 99%-ը երբեք չի կերել, ու ցույց են տալիս, կամ նազրվան վարունգը, որ մարտ ամսին ամենապիկ գինն ունի, քանի՞ հոգի է մեր երկրում մարտին ուտում, սկի սեզոնին էդ չեն ուտում։ Ես ընդունում եմ՝ ամեն օր պետք է աշխատենք, որ հիմա ցանկացած քաղաքացու բողոք պետք է ճիշտ նայել, քանի որ մարդուն հուզում է՝ հացի գինը 10 դրամով թանկացել է, դա ընդունում եմ, բայց երբ ամեն ձև փորձում են ցույց տալ, թե չենք աշխատում, ճիշտ չէ»։
Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ Լարսի փակ լինելու պատճառով 3 լաստով Հայաստանի համար ցորեն է բերվում, արդյունքում ցորենի գինը 30 դոլարով թանկանում է, ինչն այդ ծավալի դեպքում չնչին գումար է։
«Հիմա եթե վաճառքի ծավալները սահմանափակենք, ավելորդ խուճապ կառաջանա։ Կամ եթե հանկարծ փորձենք գին թելադրել, սև շուկա է առաջանալու, ինչպես եղավ դիմակների դեպքում։ Ասացինք այո, ով դիմակը թանկ վաճառեց, տեսեք ինչ ենք անելու, թանկ գնով ձեռք բերած դիմակները չկարողացան վաճառել՝ մտածելով, որ ՏՄՊՊՀ-ն ընկնելու է հետևներից, սև շուկա ստեղծեցին։ Երբ ՀՀ-ի դեղատներում դիմակ չկար, 700 հազար հատ դիմակ «տակից» շրջանառվում էր»,- եզրափակեց խոսքը Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դեղորայքի, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուքերը զրոյացվել են
- Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում.Մելքումյան
- Նաիրիա Զոհրաբյան. Իմբիրի, լիմոնի, գրեչկայի գնի մասին չեկեր ունեմ փոխանցելու
- «Նոր Զովք»-ում իմբիրի մեկ կգ-ը հասել է 16 հազար դրամի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան