«Ժողովուրդ». Ապրիլի 14-ից հետո նոր կերևա՝ Մայիլյանը կգնա՞ գործարքի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր անց պարզ դարձավ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը որոշել է դուրս գալ պայքարից։
Սակայն հետաքրքիր է, որ նա իր հայտարարությունից մեկ օր առաջ եղել է Երևանում. թե ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց հետո նոր դիրքորոշում հայտնեց: Դա, սակայն, արեց ուշացումով, և հիմա քվեաթերթիկում, միևնույնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան։
Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որևէ դիմում ներկայացված չէ։ Ստացվում է՝ նա, լինելով նախագահի թեկնածու, փաստորեն տեղյակ չի եղել ու բաց է թողել թեկնածություն հանելու ժամկետը:
Ու հիմա տպավորություն է, որ իր դեմքով իրականում ընդամենը 3505 ձայն ստացած նախագահի թեկնածուն մինչև հիմա չի կողմնորոշվում՝ ինչ անել: Մի կողմից՝ նա ասում է, որ ընտրությունները նոր Արցախին համապատասխան չէին, և մի քանի կողմնակիցների «գործուղում է» բողոքի ակցիաների, մյուս կողմից էլ՝ նրա գլխավորած ԱԳՆ-ն ընտրությունները ողջունեց հենց հաջորդ օրը։
Այսքանից հետո մեզ մնում է սպասել մինչև ապրիլի 14-ը, որից հետո նոր կերևա՝ Մայիլյանը կգնա գործարքի՝ ինչ-որ պաշտոն վերցնելով Արայիկ Հարությունյանից և հնազանդվելով, թե արցախցու թասիբը ի հայտ կգա, ու նա արտախորհրդարանական ընդդիմադիրի կարգավիճակում կմնա, ինչպես հիմա է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում