«Նաիրյան» ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը
Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան» վոկալ ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը։ Այս մասին հայտնում են կենտրոնից։
«Ուսումնասիրելով մեր երաժշտական ժառանգությունը՝ պարզորոշ կարելի է տեսնել, որ կանանց նկատմամբ բռնությունը մեր մշակույթում նորմալացված չի եղել, և որ հիմնականում կնոջ նկատմամբ բռնությունը ներմուծվել է օտար մշակույթներից, սա հաճախ է արտահայտվում մեր ազգային երաժշտության մեջ։ «Ջազացը մանի-մանի» երգում, Կոմիտաս, օրինակ, նկարագրվում է երիտասարդ աղջկա առևանգումը քրդերի կողմից, ինչից հետո հասկանալի է, թե ինչու են, ասենք, հայերն արգելել, որ աղջիկները միայնակ դուրս գան տնից:
Նմանատիպ բովանդակային հիմքով երգերում այս բոլոր պատմական իրավիճակները ցույց են տալիս, որ ձեռնարկած միջոցառումները եղել են անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ոչ թե որպես պարզապես ցանկություն, որին պետք է պարտադիր ենթարկվել։
Փոխարենը, մենք կարող ենք տեսնել դարձյալ հայ ազգային երգերում, որ հայ կինն ուժեղ է, համարձակ (օրինակ՝ Կարո Զաքարյանի «Վայ թե» խմբերգի հիմքում ընկած ավանդական երգը, որտեղ խոսվում է, որ կինը իր տան հոգին է, և ինչ կին է, ճիշտ ոչ անգին է, Կոմիտասի «Սոնա յար» հայտնի երգում երկրորդ տան մեջ Սոնան պատասխանում է տղային՝ ասելով, որ կաքավի պես սորալով տղաներին դաղում է, այսինքն Սոնան գիտե, թե ինչպես տղաներին «դաղի»)։
Մենք ուսումնասիրել ենք ավելի քան 954 երգ, և պարբերաբար ներկայացնում ենք հենց համարձակ կանանց կերպարներ ներկայացնող մեր ազգային երգերը։ Առաջիկայում կներկայանանք նաև մենահամերգով։
Միաժամանակ, արդեն ժամանակակից երաժշտական լուծումներով մենք ստեղծել ենք «Համարձակ եմ» երգը, որը հենց կնոջ հզորացմանը, կնոջ ազատականացմանն է նվիրված։
Այն նախորդում է «Օրոր, նանի» և «Ես եմ․ Փյունիկ» նախագծերին, որոնք համապատասխանաբար նվիրված են սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների, և վերջինը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայաքարին։ Պայմանավորված իրավիճակով՝ մենք հենց այս ձևաչափով ենք ներկայացնում առաջին երաժշտական նախագիծը, թեև երգն ունենալու է նաև տեսահոլովակ։
Ծրագրի նպատակը ցույց տալն է, որ հայկական մշակույթում կանայք ամենևին էլ ստորադասված չեն եղել, իսկ Հայաստանում արձանագրվող կանանց բռնության դեպքերն ամենևին էլ մեր ազգային դիմագծին բնորոշ երևույթներ չեն ու խորապես դատապարտելի են։
Ըստ էության, «Նաիրյան» վոկալ անսամբլն առաջիններից է, որ անդրադարձ է կատարում հենց կանանց իրավունքների պաշտպանությանը՝ երաժշտական ձևաչափով՝ ստեղծելով նաև նոր հեղինակային երգեր։
Հիշեցնենք, որ 2015-2019թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության ավելի քան 5000 ահազանգ, որից մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է։
2017-2019թթ․ ՀՀ քննչական կոմիտեն քննել է ընտանեկան բռնությանը վերաբերող 1612 քրեական գործ։ Տուժողների մեծ մասը կանայք են։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալներով ամեն տարի Հայաստանում առնվազն 10 կին սպանվում է ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։
Ծրագիրն անց է կացվում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ»,- նշված է Մուղդուսյան արվեստի կենտրոնի հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա