Բանջարեղենի գները և իմբիրի ու նազրվանի խնդիրը ԱԺ-ում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաճատրյանն այսօր ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպված լսումների ժամանակ հարց է ուղղեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին, թե ինչպիսին է առաջին անհրաժեշտության ապրանքների ներկայիս գները, արդյո՞ք կան թանկացումներ և ուսումնասիրություններ կա՞ն, թե դրանք տնտեսապես հիմնավորված են, թե՞ սպեկուլյատիվ բնույթ ունեն:
ՏՄՊՊՀ-ն գները կարգավորելու ֆունկցիա չունի
Նկատելով, որ տարբեր կողմերից նաև ԱԺ-ից երբեմն հարցեր են հնչում, որ ՏՄՊՊՀ-ն պետք է գները կարգավորի և ընդգծելով, որ Ակադի Խաչատրյանի մասին չէ խոսքը՝ Գեղամ Գևորգյանը նշեց.
«ՏՄՊՊՀ-ն գները կարգավորելու ֆունկցիա չունի և ընդհանրապես Հայաստանում որևէ մարմին գները կարգավորելու գործառույթ չունի: Գնաճի հետ էլ առնչություն չունենք և չենք կարող միասնական գին սահմանել: Եթե գները բարձրանում են ՏՄՊՊՀ-ն ևս որևէ բան չի կարող անել, այն էլ արագ՝ մեկ կամ երկու օրվա ընթացքւմ, ինչպես շատ հաճախ պահանջում են: Մեր ֆունկցիան մեր կանոնադրության մեջ նշված է: Մենք գերիշխող դեր ունեցող, մենաշնորհ ունեցող, կամ շուկայում գերիշխող տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը կարգավորող մարմին ենք: Ասինքն եթե գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները չարաշահում են իրենց դիրքը, այդ թվում նաև գների չհիմնավորված արհեստական բարձրացման կամ իջեցման տեսքով՝ այստեղ մենք ունենք գործ անելու»:
«գրեթե բոլոր կետերով ապրանքների գները նվազել են»:
ՏՄՊՊՀ ղեկավարը հայտարարեց, որ պարետի հանձնարարականով մարզպետարանների օգնությամբ 44 ապրանքային շուկայում իրականացնում են մշտադիտարկում, առանց որի անհնար կլիներ 10 մարզի քաղաքներում իրականացնել մշտադիտարկում և տեղեկացրեց, որ արձանագրել են գների նվազում. «Գների դինամիկայի մասով ունենք որոշակի բարձրացումներ, բայց այն աղաղակող փաստերը, որ գները կրկնակի աճել են, նման փաստ գոյություն չունի։ Կամ պետք է հստակ ապացույց ներկյայացվի, թե որտեղ է դա, որպեսզի մենք կարողանանք նայել: Ուղղակի մենք չենք կարող այդ հայտարարության հետևից գնալ։
Նայում ենք Երևան քաղաքում բոլոր խոշոր առևտրային ցանցերը, նաև ոչ խոշորները՝ ամենօրյա ռեժիմով: Հիմնական թանկացումները կապվում են արտարժույթի բարձրացման և ներմուծման որոշակի թանկացման հետ:
Բայց, որ ասում են արտարժույթը թանկացել է, դա չի նշանակում, որ դա բացարձակ ճշմարոտություն ենք ընդունում, մենք ասում ենք տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է, ճիշտ կլինի, շատ բարի՝ չենք հարուցի պրոցես, ճիշտ չի լինի՝ մեր հարուցած պրոցեսի ընթացքում մենք կսկսենք պատասխանատվության ենթարկել։ Ուրախալի լուր տամ, այսօրվա տվյալներով, գրեթե բոլոր կետերով ապրանքների գները նվազել են»:
Գեղամ Գևորգյանը դժվարությամբ է հասկանում, թե գյուղատնտեսական ապրանքների հետ ինչ կապ ունի ՏՄՊՊՀ-ն, բայց այսօր դա էլ են արել. «Բոլոր կետերում բանջարեղենի գներն կտրուկ իջել են»:
Հանձնաժողովը միանգամից պետք է արձագանքի թանկացման ահազանգերին
Հայտարարելով, որ բոլոր ապրանքային շուկաներում կան հարուցված գործընթացներ՝ Գեղամ Գևորգյանը շեշտեց. «Այս, արտակարգ դրության ժամանակ զբաղված ենք գործընթացներով, մեր գովազդը մի քիչ հետո կանենք, կասենք թե ինչ ենք արել»:
Արկադի Խաչատրյանը նկատեց, որ հանձնաժողովի դերն արտակարգ իրավիճակի պայմաններում մեծանում է:
«Ճիշտ է գին կարգավորող չէ, բայց գներին հետևող, պատժելիությունը ապահովող, կանխարգելումը կատարող մարմին եք: Դրանով իսկ կատարում եք կարևոր դերակատարում»,- հայտարարեց պատգամավորը և շեշտեց, որ հանձնաժողովը միանգամից պետք է արձագանքի թանկացման ահազանգերին, որը տնտեսվարողների զգոնությոնն էլ կբարձրացնի. «Տնտեսվարողների մոտ նաև ախորժակը կպակասի՝ զգալով, որ ամեն պահի կարող են խստագույնս պատժվել»:
Գևորգյանը հայտնեց, որ ցանկացած ահազանգի հիմքով ստիպված պաշտոնական գործընթաց են սկսում, չնայած դրա իրավունքը չունի. «ՏՄՊՊՀ-ն այս ընթացքում այնքան աշխատանք է արել, որքան վերջին 5 տարվա ընթացքում կոմուլյատիվ չէր արել»:
Երբ եք ուտում նազրվան
Որպես ահազանգին արձագանքելու արդյունք հանձնաժաղովի նախագահը բերեց իմբիրի թանկացման դեպքի օրինակը. «Ներմուծողները գինը չեն թանկացրել, թանկով առել, թանկով ծախել է:
Հիմա գնացել գտել ենք որտեղ է։ Մեկը 200 կիլոգրամ առած ընկերություն է, մեկը Մեյմանդարի շուկան։ Հիմա այդ մարդուն անհատականացրել գտել ենք։ Հիմա, որ պարապ չմնանք, ուզում ենք գտնել, թե այդ մարդը որ ցիտորսային մրգերից է էլ առել, որ արհեստական դեֆիցիտի հիմքով տանենք մի բանով պատժենք:
Անկեղծ, որովհետև 2 ամիս ժամանակ եմ ծախսել, որ ես դա գտնեմ, բայց այդ Մեյմանդարի շուկայի մարդուն ես ի՞նչ անեմ։ Կամ, որ նկարում են 5000 դրամանոց պուճուր լոլիկը, որը ես ավելի քան վստահ եմ, որ դրանց 99 տոկոսը, երբեք դա չի կերել ու ցույց են տալիս կամ Նազրվան վարունգը, որը մարտ ամսին ամենապիկ գինն է, անկեղծ էլի ժողովուրդ, քանի՞ հոգին է մեր երկրում նազրվան վարունգ մարտի վերջին ուտում, դա անգամ սեզոնին չեն ուտում»։