Առաջարկվում է, որ մեքենայի գույքահարկը վճարի լիզինգառուն
«Առաջարկում ենք սահմանել և հստակեցնել լիզինգի (գույքի վարձակալում) գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», և հարակից օերենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը։
Փոխնախարարը տեղեկացրեց՝ նախատեսվում է նաև, որ լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների գույքահարկի և վարչական տուգանքների գումարի վճարումն իրականացնի լիզինգառուն՝ իր հաշվառման վայրում, ինչը կնպաստի համայնքների եկամուտների աճին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե նախքան այս փոփոխությունը գույքահարկը և տրանսպորտային միջոցների համար նախատեսված այլ վճարները լիզինգատո՞ւն էր իրականացնում. «Եթե այո, ապա այս փոփոխությամբ լիզինգառուի վրա լրացուցիչ բեռ է դրվում»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Մարգարյանը պատասխանեց՝ ի սկզբանե մեքենաների գույքահարկը վճարվում էր լիզինգառուի կողմից։
«Այս դեպքում գույքահարկի մասով լիզինգառուի բեռը չի ավելանում, սակայն հարկերը գնալու են արդեն այն համայնք, որտեղ գրանցված է տվյալ գույքը։ Իսկ լիզինգային ծառայության արժեքը բանկերն էժանացնելու են, քանի որ վճարումներն իրենք չեն կատարելու»,- ասաց Մարգարյանը։
Ինչ վերաբերում է տույժերին ու տուգանքներին, ապա եթե լիզինգառուն է օգտագործում գույքը, ինքն է վճարելու տուգանքը. «Ըստ էության՝ լիզինգառուի վրա բեռ չի ավելանում, այսպես թե այնպես պայմանագրով և տոկոսով իր վրա էր։ Այս դեպքում փոփոխվելու է պայմանագիրը»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր է լուծում ներկայացված նախագիծը։
Նաիրա Մարգարյանն էլ պատասխանեց՝ ներկայումս առանց ավելացված արժեքի հարկի ձեռք բերված գույքը լիզինգառուին տրամադրվում է ԱԱՀ-ով, ինչի հետևանքով գույքն ավելի թանկ գնով է տրամադրվում մարդուն.
«Այսօր մենք առաջարկում ենք, որ լիզինգի համար ձեռք բերված ապրանքը, եթե ազատված է ԱԱՀ-ից, լիզինառուին ևս տրամադրվի առանց ԱԱՀ-ի արժեքը ներառելու։ Բացի այդ, մաշված գույքը առաջնային լիզինգից հետո, երբ վարձակալությամբ տրամադրվում է այլ անձի, պետք է տրամադրվի ավելի ցածր գնով՝ ելնելով գույքի մաշվածության աստիճանից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին