Առաջարկվում է մինչև 200 հազար դրամ սպառողական վարկերի համար իրականացվի վարկառուի ֆինանսական վիճակի գնահատում
«Իրականում անտոկոս վարկ չկա, այլ հարց է, որ մարդը կարող է առաջին ամսվա համար տոկոս չվճարի, ապա մյուս ամիսների համար ավելի մեծ տոկոսով վճարումներ անի»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Նա տեղեկացրեց, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելով՝ իրենք նպատակ ունեն հնարավորություն ստեղծել, որպեսզի քաղաքացին էլ ավելի գիտակցված ընտրություն կատարի։
«Կարող է կարծիք հնչի, որ շուկան է ոլորտի խնդիրները կարգավորում, բայց եթե շուկան չի կարողանում այդ խնդիրը կարգավորել, քաղաքական մարմիններն են միջամտում շուկային։ Մենք նախագծի փաթեթ ենք բերել, որով առաջարկում ենք, մասնավորապես, մինչև 200 հազար դրամի չափով սպառողական վարկերի համար եկամտի ապացուցելու հնարավորություն լինի, այսինքն՝ իրականացվի վարկառուի ֆինանսական վիճակի գնահատում։ Կա ստեղծված թակարդ, որ եկամուտ չունեցող կամ վատ վարկային պատմություն ունեցող մարդկանց վարկավորում են ավելի բարձր տոկոսներով, հետագայում էլ սա դառնում է սոցիալական չարիք։
Մենք ուզում ենք ավելի գիտակցված ընտրության մասով փոփոխություններ անել, մասնավորապես, որ գրվի ոչ թե այն տոկոսադրույքը, որը ֆորմալ առումով օրինակ 15% է, բայց հաշվում և տեսնում ես 120% է դառնում, այլ փաստացի տոկոսադրույքը ներկայացվի։ Այս դեպքում քաղաքացին կհասկանա, որ շատ էժան վարկերը հետագայում ավելի մեծ բեռ են դառնում, քանի որ կանխավճարներ են ենթադրում, կամ քաղվածքի համար վճարներ։ Այսինքն՝ մեծ հաշվով այդ ծախսերը մեծ ծավալ ունեն»,- ներկայացրեց Արտակ Մանուկյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն առաջարկեց 200 հազար դրամի շեմը բարձրացնել և դարձնել գոնե 300 հազար դրամ։
«Ավելի մեծ վարկերի համար շատ ավելի կարևոր է վարկառուի ֆինանսական վիճակի գնահատումը, քանի որ պարտքի բռնագանձման համար դատական գործերի դեպքում, մինչև 2 մլն պարտքի համար գույքի բռնագանձում չի իրականացվում, և դրանից ավելիի դեպքում է դատարանը նման որոշում ընդունում։ Դա նշանակում է, որ այդ դեպքում եկամուտների հիմնավորմամբ վարկեր տալն ավելի կարևոր է»,- ասաց Սողոմոնյանը։
Արտակ Մանուկյանն արձագանքեց, որ սովորաբար ավելի մեծ վարկային ռիսկի գնացողներն ունեն համապատասխան եկամուտ, քանի որ հակառակ դեպքում վարկային կազմակերպությունների համար նրանք շատ ռիսկային կլինեն և նրանց գումար չի տրամադրվի. «Սովորաբար ոչ ռացիոնալ վարքագիծը դրսևորվում է, երբ արագ գումար է պետք, իսկ մարդիկ ընդունում են այն տարբերակը, որ առաջարկում է բանկը»։