Արամ Օրբելյանի հայցն ընդդեմ Փաշինյանի վարույթ է ընդունվել
Արդարադատության նախկին փոխնախարար, հայտնի փաստաբան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթ։ Այդ մասին Panorama.аm-ը տեղեկացավ Դատալեքսից։
Հիշեցնենք, որ հայցի պահանջն է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելը և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելը։ Գործը մակագրված է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։ Առայժմ դատական նիստ նշանակված չէ։
Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել էր, որ «վեճի առարկան մարտի 10-ին Քաջարան քաղաքում՝ հանրաքվեի «Այո»-ի քարոզչության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն են, ըստ որոնց, իբր «Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան, որը չի արձանագրվել սահմանված կարգով»։
Փաստաբանը կառավարության ղեկավարի այս հայտարարությունները համարում է անհիմն ու իրականությանը չհամապատասխանող։
«Մենք օգտվել ենք օրենսդրությամբ սահմանված իրավունքի պաշտպանության միջոցներից, այն է՝ պահանջել հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև օրենսդրությունը սահմանում է, տուժողը, ում հասցեին նման հայտարարություններ են հնչել կարող է պահանջել մինչև 2 մլն դրամ փոխհատուցում։ Մենք օրենքով սահմանված առավելագույն չափով վնասի փոխհատուցում ենք պահանջել»,-ասել էր Ն. Բեգլարյանը։