Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հայտով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսևորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլև հասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացվում դուդուկի պահպանության, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ, կազմակերպվում են տեղական և միջազգային փառատոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ։ Դրա վկայություններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի
քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակը` բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և հայկական դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանմամբ երաժշտական նվագարանի մասին հայտը դեռևս 2012 թվականից էր Ադրբեջանը ներկայացել ՅՈՒՆԵՍԿՕ գրանցմանը, և գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի քննարկմանը կներկայացվի միայն 2021 թ., եթե արժանանա կոնվենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագետների դրական գնահատականին։
ԿԳՄՍ նախարարությունը նշում են, որ ըստ կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների կողմից տվյալ տարրի մշակութային դրսևորումները, առանձնահատկությունները և
կենսունակությունը։
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար»(2017 թ.) տարրերը, «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.):
Հարակից հրապարակումներ`
- Հայկական տառարվեստը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
- Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին