Հայկ Ալումյան. Փաշինյանի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են
«Երբ նման ծավալի խախտումներ են տեղի ունենում, ես դժվարանում եմ անգամ բացատրություն գտնել դրանց համար, որովհետև որպեսզի օրենքի նման խախտումներ անեն, պետք է լինեն պաթոլոգիկ օրինախախտ, իսկ որպեսզի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, մարդու մեջ այդ օրինախախտի հոգեբանությունը պետք է լինի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով գործի քննության ընթացքում առկա խախտումներին։
Նա ցավ հայտնեց, որ չի կարողանում դատական համակարգի ներկայացուցիչների տրամաբանությունը հասկանալ ու վերլուծել:
«Նրանք ուղղակի պաթոլոգիկ օրինախախտ են։ Հիմա մարտի 17-ից կամ պետք է Աննա Դանիբեկյանը ներկայանար աշխատանքի, կամ եթե դա անհնար էր, դատարանի նախագահը պետք է միջնորդության քննարկումը հանձներ այլ դատավորի՝ ըստ ԲԴԽ որոշման։ Ոչ նա են անում, ոչ էլ՝ նա։ Ու ոչ մի բացատրություն չեն տալիս։ Դադարել են մեր հեռախոսազանգերին պատասխանել դատավորի աշխատակազմից։ Դատարանի նախագահի աշխատակազմը ներկայացնում է անհասկանալի բացատրություններ, որոնք ընդհանուր բան չունեն թե օրենքի, թե ԲԴԽ որոշման հետ»,-մանրամասներ հայտնեց նա։
Ալումյանը հիշեցրեց, խնդրի մասին տեղեկացրել են ԲԴԽ նախագահին, դիմում են հասցեագրել նրան։
«Գիտե՞ք, մենք գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ։ Ցավոք սրտի, վարչապետի ոչ ստանդարտ քայլերը, ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են։ Դատարաններն արգելափակելը, դատավորների հասցեին ամենավերջին հայտարարություններ անելը, վեթթինգով սպառնալը, երբ ոչ սպառնացողը գիտեր, թե դա ինչ է, ոչ էլ նրանք, ում սպառնում էին, ցավոք, ես տեսնում եմ, որ այդ ամենը հասել է նպատակին։ Մենք գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ, որտեղ եզակի դատավորներ պահպանել են իրենց մասնագիտական արժանապատվությունը»,-համոզմունք հայտնեց նա։
Ալումյանի համոզմամբ, ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տեսնում է հստակ ցանկություն՝ անել ամեն բան, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին հնարավորինս երկար պահեն կալանքի տակ ու դա հնարավորինս ծանր հետևանքեր ունենա Ռոբերտ Քոչարյանի համար։
«Ես դա հստակ տեսնում եմ»,-ընդգծեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Հայկ Ալումյան. Անորոշ վիճակում ենք, չգիտենք, երբ կքննեն մեր միջնորդությունը
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան