Հակոբ Ճաղարյան. Ազատման դիմումիս հիմքերն են Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ վարչապետի որոշումը եղել է իր դիմումի հիման վրա։ Նա նաև մանրամասնել է, թե ինչու է ազատման դիմում գրել.
«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:
Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`
- Հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
- Հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
- Եւ նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ երկուշաբթի, ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»։