Լոռու մարզում մի շարք ապրանքատեսակների գները բարձրացել են.ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է մարզպետարանների հետ համագործակցությամբ Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք խոշոր համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաձայն ներկայացված տվյալների՝ Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում նշված ապրանքատեսակների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել:
Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով, 500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով:
Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝ 80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը: