Հեռավար կրթության դեպքում պետք է շաբաթական 1֊2 առցանց հանդիպում ունենալ
«Այս պահին մենք անցել ենք դիստանցիոն կամ առցանց, բայց ոչ հեռավար կրթության»,- այսօր «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» առցանց քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով, այժմ պետությունը քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի հեռավար կրթությունը երկրում ինստիտուցիոնալացվի.
«Պետք է խոստովանել՝ պետությունը չի ունեցել ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ հեռավար կրթության համար։ Մենք հաղթահարելու ենք ստեղծված վիճակը, բայց պետք է հասկանալ նաև՝ ինչպիսին է լինելու արտակարգ դրությունից հետո հեռավար կրթության դերն ու նշանակությունը ՀՀ կրթական համակարգում։ Ի վերջո, բազմաթիվ են կարծիքները, որ ավագ դպրոցներում պետք է ամբողջապես այդ համակարգը ներդնել, և կան առավել պահպանողական հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր պնդում են՝ հեռավար կրթությունը պետք է սահմանափակվի, և իրականացվի այն դպրոցներում, որտեղ մասնագետների պակաս կա»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ հեռավար ուսուցումը՝ որպես կրթության ձև, կառավարությունն արդեն իսկ ամրագրել էր, և իրականացնում էր փորձնական ծրագիր։
«Բայց մենք ստիպված եղանք շուրջ կես միլիոն շահառուների ներգրավվել ուսուցման այս ձևում։ Մենք հասկանում ենք, որ հեռավար ուսուցումը ենթադրում է որոշակի ենթակառուցվածքներ ու հմտություններ, բայց մենք ունեինք կրթության շարունակականության խնդիր, և հենց այդ խնդիրը լուծելու համար հենց արտակարգ դրություն հայտարարելու օրը որոշեցինք ստեղծել հեռավար կրթության համալիր հարթակ, և գործարկվեց էջը»,- ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարարը։
Նա նշեց՝ նաև ուսուցման հասանելիության խնդիր կա, որը կարգավորելու համար հավաքագրվում է տեխնիկա, համակարգչային սարքավորումներ, որոնք ուղարկվում են մարզեր։
Ըստ Անդրեասյանի, միայն այսօր 100 համակարգիչ է ուղարկվել մարզեր, իսկ մինչ այդ ուղարկված տեխնիկական միջոցների քանակը հասել է 700-ի.
«Նաև շատ կարևոր է, որ մենթոր ուսուցիչներ են հավաքագրվել և ուղղորդվել մարզային կրթական կենտրոններ։ Սա ավելի է հեշտացնում գործը, քանի որ վերոնշյալ ուսուցիչներն արդեն իսկ ունեն հեռավար ուսուցման փորձառություն։ Նրանք այժմ համարվում են մարզային դպրոցների տեխնիկական աջակիցներ, և կրթական գործընթացը կազմակերպվում է նաև նրանց աջակցությամբ»։
Անդրեասյանի խոսքով, հեռավար ուսուցմամբ ավելի տեսանելի է դառնում կրթական համակարգը և բուն կրթական պրոցեսը։
«Եվ հատկապես ուզում եմ հստակեցնել, որ մենք որևէ ուսուցչի նկատմամբ վերահսկողոթյուն չենք իրականացնում, թեև հաճախ հնչում են նման բողոքներ։ Մենք պարզապես էլ ավելի ուշադիր ենք, քանի որ հեռավար կրթությունը նոր ոլորտ է մեզ համար»,- շեշտեց ԿԳՄՍ փոխնախարարը։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի ռեսուրսներ և հնարավորություններ՝ կրթական գործընթացն հեռավար իրականացնելու համար, ասաց, որ տոտալ հեռավար կրթություն իրականացնելու մոտեցում աշխարհում և ոչ մի երկիր չունի։
«Մեզ շատ են ասում՝ չկա միասնական հարթակ, որտեղ երեխաներն ու ուսուցիչները կարող են իրականացնել ուսուցումը։ Եվ քանի որ բոլոր աշակերտներն ու ուսուցիչները չունեն նույն տեխնիկական հնարավորությունը, մենք միանգամից չստիպեցինք մեկ միասնական հարթակ։ Թողեցինք, որ համայնքը ինքնակազմակերպվի, ընտրի այն հարթակը, որը համապատասխանում է իրենց հնարավորություններին։ Ցավոք, մենք այս պահին ունենք խնդիր, որ շատ հաճախ առցանց համաժամանակյա հանդիպումները նույնացվում են հեռավար կրթության հետ։ Պետք է նշեմ, որ հեռավար կրթությունը շատ ավելի լայն հասկացություն է, և ընդգրկում է տարբեր մեթոդներ»,- ներկայացրեց Պողոսյանը։
Նա նշեց, որ հաճախ ուսուցիչները փորձում են հեռավար դասերն անցկացնել այն դասացուցակով, որը եղել է հենց դպրոցներում։
Ըստ բանախոսի, նրանք փորձում են 30 րոպեում համաժամանակյա առցանց հանդիպումների ընթացքում իրականացնել կրթական գործընթացը.
«Դա բերում է ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածության, աշակերտները երկար ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց։ Մենք խորհուրդ ենք տալիս անել հետևյալը՝ համակցել համաժամանակյա առցանց մեթոդը այլ մեթոդների հետ։ Օրինակ, ուսուցիչը պետք է կարողանա պլանավորել ոչ թե օրական, այլ շաբաթական կրթական պրոցեսը»։
Թե ինչպես պետք է անցկացնել հեռավար ուսուցումը, Պողոսյանը ներկայացրեց՝ ուսուցիչը պետք է տեսնի, թե մեկ շաբաթվա ընթացքում ինչ թեմաներ պետք է տրվի դասարանում, առանձնացնի այդ նյութերը և որևէ հարթակում հանձնարարի երեխաներին։ Նա պետք է ասի, թե թեմայի մասին նյութերը դասագրքի որ էջերում են։
«Դրանից հետո շաբաթվա մի օրվա ընթացքում պետք է լինի համաժամանակյա հանդիպում, որտեղ ուսուցիչը կպատասխանի ծագած հարցերին, ևս մեկ առցանց հանդիպում պետք է լինի շաբաթվա վերջում, որպեսզի ուսուցիչը պատասխանի թեմայի շուրջ աշակերտների մոտ ծագած հարցերին։ Այսինքն՝ հեռավար կրթության դեպքում պետք է տալ հանձնարարություն շաբաթվա համար և մեկ-երկու օր ունենալ առցանց համաժամանակյա հանդիպում»,- շեշտեց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան