Քաղաքագետ. Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով պարգևավճարների թեմային, գրում է.
«Աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետական պաշտոնյաների հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն, ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն։
Հիշենք Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ընտրողներին արված այն առաջարկը (եթե սխալ եմ հիշում, ուղղեք ինձ), որ ով իր կուսակցությանը ձայն տալ, ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքի բյուջեից նրանց կտրամադրի 15 հազար դրամ, «ռեժիմի» 5000 դրամի փոխարեն։ Հիմա նույն բանն է անում, բյուջեի հաշվին, մասնավորապես պատգամավորներին, վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց։ Սա մտածողություն ու աշխարհայացք է։ Սակայն այստեղ խնդիր իրոք կա և շատ երկրներին ուրույն ձևով են դա լուծել։
Օրինակ, Ճապոնիայում կա որոշակի մեխանիզ։ Այն նախարարներն, որոնք իրենց ոլորտում հաջողության են հասնում, ապա աշխատանքից դուրս գալուց հետո իրենց օրոք կայացած կորպորացիաներում շատ լուրջ դիրքերի են նշանակվում՝ խորհրդի անդամներ, կամ տնօրեններ ու դառնում են մեծահարուս մարդիկ։ Դա նրանց պարգևավճարն են ու բոլորի համար դա ընդունելի ու հասկանալի է։
Նույն մեխանիզմը կա Գերմանիայում, որտեղ կորպորացիաներն ու պետական համակարգը սերտորեն համագործակցում են։ Մի օրինակ բերեմ։ Շրոդերը, երբ վարչապետ էր, մեծ դեր կատարեց ռուսական գազը Գերմանիա հասցնելու գործում և հաջորդ փուլում դարձավ Գազպրոմի գերմանական մասնաճյուղի տնօրեն։ Դրան Գերմանիայում նորմալ են վերաբերվում։ Ոլորտ է կայացրել ու ստացել է իր պարգևավճարը՝ ոչ բյուջեի հաշվին։ Սա և արդար է, և խթան է լավ աշխատելու համար։
Կան նաև այլ հետաքրքիր մեխանիզմներ, որոնք կարելի է ուսումնասիրել՝ հատկապես Ճապոնիայում։ Պարգևավճարները պետք է ստանալ ոչ թե որևէ անձի հանդեպ լոյալություն ցուցաբերելու դիմաց, այլ ոլորտը կայացնելու ու դրա դիմաց ողջ կյանքն ապահով ապրելու։ Նման պարգևավճարները հասարակությունը կընդունի»։