COVID-19-ի հետևանքով համաշխարհային տնտեսության վնասը գնահատվում է 5 տրիլիոն դոլար. «ՏԱՍՍ»
Կորոնավիրուսի տարածման հետևանքով համաշխարհային տնտեսության ընդհանուր վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «Bloomberg»-ին։
Ըստ հրապարակման, 1930-ական թվականներից ի վեր՝ առաջին անգամ աշխարհը մտնում է խորը անկման փուլ, քանի որ կորոնավիրուսի պատճառով մասնավոր ձեռնարկությունները դադարեցրել են աշխատանքը, իսկ մարդիկ մեկուսացված են տներում։
«Չնայած կանխատեսվում է, որ տնտեսական անկումը կարճաժամկետ կլինի, բայց երկրներից երկար ժամանակ կպահանջվի կորցրածը վերականգնելու համար»,- ասվում է հոդվածում։
«Citigroup» ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանի կարծիքով, համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:
«JPMorgan Chase» բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ կորոնավիրուսի հասցրած վնասը համաշխարհային տնտեսությանը 5,5 տրիլիոն դոլարի կհասնի։ Նրանք նշել են, որ զարգացած երկրներում կլինի տնտեսական այնպիսի անկում, ինչպիսին եղել է 2008-2009 և 1974-1975 թվականներին։
Ամերիկյան «Morgan Stanley» բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային մակարդակին միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում:
Նոր կորոնավիրուսային հիվանդության բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, ապա տարածվել գրեթե ամբողջ աշխարհում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։