Ավագ հինգշաբթի
Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել էին, որ ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի և յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության և օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի համար։ Այս մասին հայտնում են
Արարողության հեռարձակմանը կարող եք հետևել առցանց, ժամը 16:00-ին՝
- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
- «Շողակաթ» հեռուստաընկերության https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany, https://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում:
Ծաղկազարդի կիրակիով սկսվում է ավագ շաբաթը։ Այն Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատել է Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ Ս. Հաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն:
Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
- Ավագ չորեքշաբթի
- Ավագ երեքշաբթի
- Մայր Աթոռ. Պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո և հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ
- Ավագ երկուշաբթի
- Մեծք պահք՝ Միջինք
- Մեծ պահք. Ում խորհուրդ չի տրվում հետևել այս սննդակարգին
- Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է
- Սկսվում է Մեծ պահքը