Կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար հատկացրեց Հյուսիս-Հարավի համար
«Նպատակ ունենք «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 2-ի» շրջանակում պետական բյուջեից տրամադրել 2 մլրդ դրամ»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով ՀՀ ՀՀ 2020 թվականի բյուջեից բյուջետային վարկեր տրամադրելու մասին որոշման նախագիծը։
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան-Կորվիամ» ընկերության միջև կնքված պայմանագրի ներքո՝ «Կորսան-Կորվիամը» 2018 թվականի վերջից ի վեր, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձնանց՝ իրենց կատարած աշխատանքի համար չի վճարել, ինչն էլ վերոնշյալ ընկերություններին դրել է ֆինանսական դժվարին կացության մեջ։
Ըստ նրա, նախատեսվում է հաստատել ներդրումային պայմանագրի ձևը և պարտատեր 28 ընկերությունների ցանկը՝ ըստ «Կորսան-Կորվիամ» ընկերության հանդեպ դրամական պահանջի չափի, որի ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ 228 մլն 549 հազար 216 դրամ։
«Նշեմ, որ սա բյուջետային վարկ է 5 տարի ժամկետով և 0.01% տոկոսադրույքով։ Սա այն հայտնի խնդիրն է, երբ իսպանական ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին, և այդ ընկերությունները կանգնել են ծանր դրության առջև»,- ասաց Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ևս հակաճգնաժամային որոշում է, և այդ ճգնաժամը առաջացել էր կորոնավիրուսից առաջ։
«Այս հարցով հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը ընթանում է։ Դա այս ընթացքում հարուցված մեր ամենամասշտաբային քրեական գործերից է։ Հույս ունենք, որ նախաքննությունը արդյունք կբերի, և պետությանը, հանրությանը պատճառված վնասները լիարժեք կհատուցվեն»,- շեշտեց Փաշինյանը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հետաքրքրվեց, թե այս ընթացքում տեղեկություններ ստացվե՞լ են ենթակապալառուների՝ պաշտոնատար անձանց կարգավիճակ ունենալու վերաբերյալ.
«Եթե այդ ցանկը կա, ապա մենք կարող ենք մինչև այսօր հավաքված ապացույցներով հասկանալ՝ այդ կազմակերպության ղեկավարներից որևէ մեկն ունի՞ կարգավիճակ, և այդ կազմակերպության վնասները հիմնավորվա՞ծ են, թե ոչ»։
Վարչապետը նշեց, որ իր կարծիքով, Դավթյանի առաջարկը լավն է. «Կարծում եմ՝ մինչև ստորագրման բերելը էս որոշումը, նախարարությունը, վարչապետի աշխատակազմն ու գլխավոր դատախազությունը պետք է իրար հետ աշխատեն, և շեշտեն այս հանգամանքը, որ էստեղ էլ մեր աջակցությունը լինի հասցեական։ Եթե լինի անհրաժեշտություն ցանկում փոփոխություն անելու, ապա կարող ենք դա գրավոր անել»։