Փաշինյան. Վերջին օրերին բանկային ավանդների աճի միտում է նկատվում
Մինչ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության մշակած հակաճգնաժամային միջոցառումներով արդեն բաշխվել է 3.67 մլրդ դրամ։
«Ես ուզում եմ ասել, որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է։ Նկատի ունեմ՝ հընթացս կլրացվի»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով, հրապարակված պատուհանում տվյալներն ամենօրյա ռեժիմով թարմացվում են, բազան հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա, աջակցության փաթեթները հասանելի կլինեն շահառու քաղաքացիներին։
Կառավարության ղեկավարն ասաց, հայաստանյան բանկերը շուրջ 290 հազար քաղաքացու տրամադրել են վարկային արձակուրդ 9.3 մլրդ դրամի չափով։ Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց 15.4 մլրդ դրամի չափով։
«Հույս ունեմ, որ այս պրոցեսը կշարունակվի։ Ուզում եմ ասել, որ բոլոր այս որոշումները կայացվել են առանց վարչական ներգործության կառավարության կողմից։ Ես սա շատ եմ կարևորում, քանի որ ճգնաժամի մեկնարկին շատ գործընկերներ, ուժեր մեզ փորձում էին դրդել, որպեսզի մենք վարչական որոշում կայացնեինք, որոնք կպարտադրվեին բանկերին, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով»,- նշեց նա՝ ավելացնելով, որ բանկային համակարգը հետևել է իշխանությունների հորդորներին, ինչն էլ վկայում է, որ բանկային համակարգը վստահում է կառավարության հակաճգնաժամային քայլերին։
Փաշինյանի խոսքով, իր ասածի ապացույցն է նաև այն, որ վերջին մի քանի օրերի լարվածությունից հետո արտարժույթի շուկան և ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում:
«Ընդհակառակը վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում, ընդ որում, արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամայինի: Սա վառ ապացույցն է այն բանի, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այսօր բազմաթիվ առաջարիկներ կան, թե ինչ պետք է անի կառավարությունը, անկեղծացավ՝ դրանց հեղեղից կարելի է գլխապտույտ ստանալ։
«Մենք հստակ քայլերով գնալու ենք առաջ, շարունակելու ենք հակաճգնաժամային նոր միջոցառումների ընդունումը։ Այօրվա օրակարգում էլ մեկ նման միջոցառում կա ընդգրկված»,- ասաց նա։