«Հայաստանում նոր պոչամբարներ կառուցելու հայտեր չկան». Իրինա Ղափլանյան
«Սա ավելի շատ քաղաքական քայլ է Հայաստանի կողմից՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ բոլոր երկրները վավերացման փուլ են մտել: Այս պահին դեռ Ռուսաստանն է վավերացրել համաձայնագիրը, երկրորդը մենք կլինենք: Գործառնական տեսակետից խնդիր ունենք Վրաստանի հետ»,- ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի ընդունման անհրաժեշտությունը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասնական սահման չունի, իսկ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս իր տարածքով վտանգավոր թափոններ տեղափոխել:
«Այս պահին ծրագիր է իրականացվում Հայաստանում դեռ պահպանված, Նուբարաշենի մոտակայքում թաղված կայուն օրգանական աղտոտիչների, դրանց թվում ԴԴՏ տեսակի թունաքիմիկատների տեղափոխման և ոչնչացման ուղղությամբ: Ծրագիրն արդեն 4 տարի է իրականացվում է, բայց թունաքիմիկատների տեղափոխման հարցը չի լուծվու, քանի որ Վրաստանի օրենսդրությունն արգելում է իր տարածքով դրանց դուրս հանելը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԳԷՀ-ի դրամաշնորհի շրջանակներում դիտարկվում է այդ թափոնները Հայաստանում ոչնչացնելու կարողությունների ստեղծման կամ դրանք Իրան տեղափոխելու տարբերակները: Վերջինս նույնպես Բազելի կոնվենցիայի կողմ երկիր է, ունի համապատասխան կարողություններ և սահմանները բաց են»:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչպես պետք է լուծվեն պոչամբարների խնդիրը, կառուցվելո՞ւ են նորերը և արդյոք հնարավոր չէ վերամշակել դրանք:
«Պոչամբարների թափոնները դասվում են վտանգավորությոն 4-րդ դասի թվին: Սա խնդրահարույց է, քանի որ, օրինակ, կենցաղային ոչ տեսակավորված թափոնն ավելի վտանգավոր՝ 5-րդ դասի թափոն է համարվում: Ռուսաստանում, օրինակ, ընդերքօգտագործման թափոնն 5-րդ դասի է համարվում»,- հայտնեց փոխնախարարը և տեղեկացրեց, որ նոր պոչամբարների կառուցման հայտեր դեռ չկան. «Ընդերօգտագործման ոլորտը գնում է, ոչ թե պոչամբարներով, այլ փակ շրջանառու համակարգով աշխատելու ուղղությամբ: Բնապահպանական տեսնակյունից պոչամբարներով շահագործումը տնտեսապես ոչ արդյունավետ է համարվում»,- նշեց Իրինա Ղափլայնաը և հավելեց, որ պոչամբարների վերամշակումը տնտեսապես շահավետ չէ, քանի որ ծավալները քիչ են:
Նախարարության վերջին տարիների ուսումնասիրության արդյունքում գույքագրվել են 49 լքված հանքարդյունաբերական լցակույտեր, որից միայն 5-ն է եղել պոչամբար:
Ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը հայտնեց. «Նախագիծը նպատակաուղղված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի իրականացման դեպքում: Սույն համաձայնագրի նախագիծը համահունչ է ՄԱԿի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայի հիմնադրույթներին և Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ ամրագրված սկզբունքներին և պահանջներին»:
Հանձնաժողովը հաստատեց համաձայնագիրը, որը կներառվի ԱԺ նիստի օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան