ԵՄ ֆինանսների նախարարները համաձայնության են եկել 500 մլրդ եվրոյի արտակարգ հիմնադրամի շուրջ
ԵՄ ֆինանսների նախարարները նախօրեին պայմանավորվել են արտակարգ իրավիճակների միասնական ծրագրի շուրջ՝ սահմանափակելու կորոնավիրուսային համաճարակի ազդեցությունը եվրոպական տնտեսության վրա: Այս մասին գրում է Euronews-ը։
ԵՄ անդամ երկրները համաձայնել են 500 միլիարդ եվրո տրամադրել արտակարգ իրավիճակին արձագանքելու համար:
«Այս առաջարկը պարունակում է համարձակ և հավակնոտ առաջարկներ, որոնք աներևակայելի կթվային ընդամենը մի քանի շաբաթ առաջ»,- հինգշաբթի օրը կայացած տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Պորտուգալիայի ֆինանսների նախարար և Եվրոխմբի նախագահ Մարիո Սենտենոն:
Առաջարկը, հավելել է նա, «իրականացնում է այն ուժեղ պատասխանը, որն անհրաժեշտ է Եվրոպային»:
Պայմանավորվածություն ձեռք բերելուց անմիջապես հետո ֆինանսների նախարարները խանդավառությամբ հայտարարեցին այդ լուրերը սոցիալական լրատվամիջոցներում: