Հայկ Ալումյան․ Գուցե զուգադիպություն է, բայց ավելի քիչ հավանական է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասում է, որ երբ իրենք հայցադիմում են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։
Պաշտպանը «Հետք»-ի հետ զրույցում նշել է, որ մինչ իրենց ներկայացրած հայցադիմումը Նիկոլ Փաշինյանին կհասներ, արդեն խոսակցություն է տարածվել, որ, կարծես թե, Ռոբերտ Քոչարյանին ուզում են տեղափոխել։
«Ես չեմ բացառում, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իմացել էին, որ հայցադիմում ենք ներկայացնում։ Հայցադիմումը ներկայացրինք, հենց հասավ տեղ, նույն օրը պարոն Քոչարյանին հրատապ հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին»,- ասել է Հայկ Ալումյանն, ով հակված չէ հավատալ զուգադիպությունների։
«Գուցե մաքուր զուգադիպություն է, բայց ավելի քիչ հավանական է, որ դրանում զուգադիպություն լինի, քան միտում»,- կարծիք է հայտնել Հայկ Ալումյանը։
Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հրապարակային արտահայտություների համար, որոնցով, ըստ Քոչարյանի Փաշինյանն իրեն զրպարտել է։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Հնարավոր է, որ այս անգամ Փաշինյանի դեմ հայցը հետ չվերցնենք
- Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին