«Փաստ». Ըստ նախագծի, ամբողջովին փոխվել է տրանսպորտային միջոցների գնահատման մեխանիզմը և սպասարկման ժամկետները
«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման մեջ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումը:
Որոշման նախագիծը մշակել է նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունը:
Նշվում է, որ իրավական այս ակտի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ այն մշակվել է «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 268-րդ կետի պահանջը ապահովելու նպատակով:
ՀՀ-ում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում երթուղային միասնական ցանց ձևավորելու ուղղությամբ:
Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները: Միաժամանակ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներառված չէ գործող կարգում, սակայն օրենսդրական կարգավորման կարիք ունեն:
«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, կանոնավոր փոխադրումները լիցենզավորման ենթակա չեն, մինչդեռ կառավարության 2007թ. հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշման պահանջները առայսօր գործում են:
Այսպիսով՝ ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշումը ամբողջովին խմբագրվել է: Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:
Ներկայումս մրցույթի մասնակցության պայման է սահմանվել հաշմանդամների նստեցման և իջեցման համար վերասարքավորված ավտոբուսների առկայությունը, մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվել է ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (ներկայումս ունեն դիտորդի կարգավիճակ), փոխվել է միջմարզային և ներհամայնքային տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը: Ամբողջովին փոխվել է տրանսպորտային միջոցների գնահատման մեխանիզմը և սպասարկման ժամկետները:
Հստակեցվել է մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, առկա խնդիրների վերացում, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի կատարելագործում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում