ԱՄՆ-ից հայրենիք վերադարձող հայ աշակերտները ենթարկվելու են 14-օրյա կարանտինային ռեժիմի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն էր տարածել FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ աշակերտների վերաբերյալ։
«Նշել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի հայ աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ:
Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում և Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ և վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան և Վրաստան:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի չվերթով և այնուհետև ավտոբուսով դեպի Հայաստան։
Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաև Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ:
Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար»։
Ջավախքցի 4 աշակերտ, ովքեր սովորում էին ԱՄՆ-ում՝ FLEX ծրագրի շրջանակներում, հատուկ չվերթով նույնպես վերադառնում են հայրենիք: Այս մասին գրում է Jnews կայքը։
«Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ որոշում են կայացրել այս ուսումնական ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի դպրոցականներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ», – հայտնել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Հայրենիք վերադառնալուց հետո երեխաները 14 օր պարտադիր կտեղափոխվեն կարանտինի: Երեխաների ծնողներին չի թույլատրվում դիմավորել նրանց և անմիջական շփում ունենալ նրանց հետ:
Ըստ ծնողների, այս պահի դրությամբ ԱՄՆ-ից վերադարձող աշակերտները օդում են՝ Դոհայի շրջակայքում և մոտ 5-6 ժամվա ընթացքում արդեն կլինեն Թբիլիսիում:
Ախալքալաքից Մարտին Փալանջյանի ծնողների հավաստմամբ, նա մարտի 23-ից կարանտինում էր հյուրընկալող ընտանիքի տանը, արդեն այդ ժամանակ 12 աշակերտ FLEX ծրագրի շրջանակներում որոշել էր վերադառնալ հայրենիք, որոշումը կայացրել են հենց իրենք՝ երեխաները և նրանց ծնողները: