ԱՄՀ-ի կանխատեսումները՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) տեղեկացնում է՝ Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու խնդրանքով և Գործադիր խորհրդի կողմից հաստատվելու դեպքում՝ Խորհրդի նիստից անմիջապես հետո հասանելի կդառնա մոտավորապես 280 միլիոն դոլար:
Հիմնադրամի փորձագետների կանխատեսումների համաձայն, կորոնավիրուսային (COVID-19) համավարակը, նավթի գների հետ կապված վերջին ցնցման և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման հետ մեկտեղ, զգալիորեն փոխելու է Հայաստանի առաջիկա տնտեսական հեռանկարը և հանգեցնելու իր արտաքին և հարկաբյուջետային հաշիվների վատթարացման մասին:
Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ ԱՄՀ ֆինանսավորման ավելի մեծ հասանելիությունն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և վարակի բռնկման գագաթնակետին կտրամադրի ռեսուրսներ` հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար:
ԱՄՀ թիմը, Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020 թվականի մարտի 12-ից ապրիլի 8-ի ընթացքում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ-ի «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտին Ն. Փորթերը հայտարարել է, որ
Աշխատակազմը առաջարկելու է նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության 128.80 միլիոն ՓՀԻ-ով (շուրջ 175 2 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ միասին, Խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար:
Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետևանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի և ներառականության վերջին տարիների ձեռքբերումները»։
Նշվում է, որ ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները:
Հիմնադրամի փորձագետների հաշվարկներով, 2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կավելանա մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսը՝ եկամուտների նվազման և առողջապահության և տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով:
Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի ԱՄՀ-ից և այլ գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ կապիտալի ներքին շուկայի հասանելի միջոցները լրացնելու համար:
«Թեև ակնկալվում է, որ 2020 թվականին կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ճգնաժամի մեղմմանը զուգընթաց՝ իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին, որոնցով նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնին համահունչ, միաժամանակ հնարավորություններ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի համար:
ՀՀ կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր:
Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ ընդհանուր առմամբ անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը:
ՀՀ ԿԲ կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվության պահպանումը»,-ասված է ԱՄՀ զեկույցում։