Ադրբեջանը կկրճատի նավթի արդյունահանումը
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) նոր գործարքի համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվել է օրական 164 000 բարելով կրճատել նավթի արդյունահանումը մայիս-հունիս ամիսներին՝ այս ցուցանիշը հասցնելով 554 000 բարելի: Այս մասին, ինչպես գրում է regionmonitor-ը, հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը:
«Ադրբեջանը նաև նոր պարտավորություններ է ստանձնել, որպեսզի հավասարակշռի նավթի համաշխարհային շուկան և կայունացնի նավթի գները: Ադրբեջանը, որն օրական արդյունահանում է 718 000 բարել նավթ, ըստ նոր համաձայնագրի, պետք է կրճատի արդյունահանումը 164 000 բարելով»,-հաղորդել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը:
Նշենք, որ ավելի վաղ նավթի գների անկմանը նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները վերացել էին: