Արմեն Մուրադյան. Մոլեգնող արհավիրքի օրերին անդառնալի կորուստ կրեց նաև Նազարյան ընտանիքը
Կյանքից հեռացել է անվանի բարերար Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ տարածած ցավակցական խոսքում ասված է.
«Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան կապակցությամբ: Աշխարհում այս մոլեգնող արհավիրքի օրերին անդառնալի կորուստ կրեց նաև Նազարյան ընտանիքը: Նազարյան ընտանիքի բացառիկ աջակցությունը թե' Հայաստանի, և թե' Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կարողությունների զարգացման գործում անգնահատելի են։ Նազարյան ամուսինները հիրավի մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, հատկապես ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների զարգացման գործում:
Վստահ եմ, որ տիկին Արտեմիս Նազարյանի լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Նազարյանների ընտանիքի անդամներին և հարազատներին: Համալսարանականների և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին, մաղթում առողջություն, համբերություն, և ոգու կորով: Նշեմ, որ որոշում ենք կայացրել դիմել ԵՊԲՀ Գիտական խորհրդին և Նոմինացիոն կոմիտեին Համալսարանական հիվանդանոցներում Նազարյանների ընտանիքի անունը հավերժացնելու համար»։
Նշենք, որ 1988թ. երկրաշարժի օրերից սկսած` ԱՄՆ-ում բնակվող Նազարյան ընտանիքը սատար է կանգնեց Հայաստանին՝ հատկապես ՀԲԸՄ կողմից իրագործվող բազմաթիվ ծրագրերի միջոցով զորակցելով նորանկախ Հայաստանի առաջընթացին, շինությանը։
Կարևոր իրագործումներից էր Լիբանանում ՀՀ դեսպանատան համար շենքի կառուցումը և ընծայումը Հայրենիքին, Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված գերձայնային հետազոտությունների կենտրոնի և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման և բուժման ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնի հիմնումը: Նազարյան բարերարների հովանավորությամբ Երևանում կառուցվել է ՀԲԸՄ հայաստանյան նոր գրասենյակը:
Բարերարները մշտապես սատարել են նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Հայոց Եկեղեցուն: Նազար և Արտեմիս Նազարյանների ազնիվ բարերարությամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Ս. Տրդատ մատուռը: Մայր Աթոռում 2002թ. Հիմնանորոգվել է Ղազարապատի սարկավագների թաղը և միաբանական սեղանատունը, իսկ 2008թ. կառուցվել է Դիվանատան շենքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան