Մեր տնտեսվարողներին սահմանափակում են, իհարկե, այդ ամենը թղթի վրա չի արտահայտվում. Գեղամ Գևորգյան
«Ռուսաստանում խաղի կանոնների դաշտն օրենսդրությամբ այլ է, իրական կյանքում մի փոքր այլ է»,- այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչո՞ւ են ռուսական սուպերմարկետները հայկական ապրանքներ ընդունելու համար անպայման միջնորդ կազմակերպություն պահանջում, և միանգամից հայկական կողմից չեն ընդունում ապրանքները:
«Կա նման տեղեկատվություն: Կա խնդրի երկու կողմ, առաջին՝ մեր տնտեսվարողներին սահմանափակում են, իհարկե, այդ ամենը թղթի վրա չի արտահայտվում, երկրորդ կողմն այն է, որ մենք երբեմն արտահանում ենք որոշակի ապրանքներ, որոնք ռուսական ստանդարտներին չեն համապատասխանում»,- հայտարարեց Գևորգյանը:
Նա ներկայացրեց հայկական կողմի լուծումները.
«Ռուսաստանի հակամոնոպոլ ֆեդերալ ծառայության հետ հստակ պայմանավորվածություն ունենք, որ երկու ձևով կարող ենք խնդիրը լուծել: ԵԱՏՄ շրջանակներում և երբ մենք կդիմենք այս կառույցին և նա շատ արագ կարձագանքի: Ընդորում, վերջին առաջարկը եղել է նրանց կողմից և պատրատվում էինք նույնիսկ համաձայնագիր ստորագրել, բայց կորոնավիրուսի պատճառով չհասցրեցինք»:
Գեղամ Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ հայ տնտեսվարող սուբյետները, եթե այնտեղ գնումներ են ունենում՝ պետք է հատուկ հաշիվ բացեն, որը լուրջ խոչընդոտ է և ռուսական կողմն իր նախաձեռնությամբ սկսել է գործընթաց՝ այդ պրոցեսը կարգավորելու համար:
«Եթե մեր տնտեսվարողն արդար է, ապա պետությունը նույնիսկ անվճար օգնություն է ապահովում՝ եթե չկարողանան ԵԱՏՄ հայց գրել, մենք իրենց փոխարեն կգրենք»,- ՏՄՊՊՀ նախագահը:
Վերջինս այդ հայտարարություններն արեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասինե 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը ներկայացնելիս:
Բանախոսը, շետելով որ համաձայնագիրը միայն Հայաստանն ու Ղազախստանը դեռ չեն ստորագրել, շարադրեց փաստաթղթի նպատակները.
«Համաձայնագրի վավերացումը կօգնի, որ ԵԱՏՄ տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարույթներ իրականացնելիս կարողանա տիրապետել առևտրային գաղտնիքի և այլ գաղտնիք համարվող տեղեկատվությանը: Համաձայնագիրը կարգավորում է նման փաստաթղթերի հետ աշխատանքը և գաղտնիության ռեժիմը: Այս համաձայնագիրը որևէ առնչություն չունի պետական գաղտնիք համարվող տեղեկատվության հետ և վերջինս կագավորվում է ներպետական օրենսդրությամբ»:
Հանձնաժողովը միաձայն ընդունեց նախագիծը: