Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստի օրը հայտնի է
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նախնական նիստ է նշանակվել մայիսի 13-ին։ Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ աղբյուրի, ծանուցումը կողմերին ուղարկվել է մարտի 31-ին։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Հայցի պահանջն է Փաշինյանին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հայցը փետրվարի 21-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին, այն վարույթ է ընդունվել մարտի 3-ին։ Դատարանում Հրայր Թովմասյանի ներկայացուցիչը Արթուր Հովհաննիսյանն է։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում տված ասուլիսից հետո ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, որը կվկայի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող քաղաքական ուժին։
«Այս պահից սկսած` ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-հունվարի 25-ին տարածած հայտարարության մեջ նշել էր Թովմասյանը։
Ի պատասխան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երևանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»։
Դրանից հետո հրապարակեց արդեն հայտնի գրիչի լուսանկարն ու գրառումը։
Սրան հետևեց փաստաբան Արամ Մակինյանի հայտարարությունը. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի գործը կքննի դատավոր Խաչատրյանը
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը հայց է ներկայացնելու Ն. Փաշինյանի դեմ, եթե 20 օրվա ընթացքում վերջինս չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան