«Հրապարակ». Ասում են՝ գալիս է աշխատանքի. Քաղաքապետարանն ընդունել է խիստ կրավորական մոտեցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը գալի՞ս է աշխատանքի, դուք և՞ս դռան հետևից եք թղթերը տալիս իրեն՝ հարցրինք ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Ես իրեն չեմ տեսել, սակայն ասում են` գալիս է, բայց աշխատասենյակից դուրս չի գալիս»:
Իսկ կորոնավիրուսի դեմ քաղաքապետարանի աշխատանքները բավարա՞ր են։ «Քաղաքապետարանն ընդունել է խիստ կրավորական մոտեցում, շատ ցցուն էր պարետատան նախորդ նիստի ժամանակ Մարությանի բացակայությունն սկզբում․ նրա աթոռը դատարկ էր, սակայն, ըստ ամենայնի, զանգել-կանչել էին, կեսից նստած էր։ Բոլոր դեպքերում, այս կարևորագույն ժամանակահատվածում նա նվազագույն ակտիվություն է ցուցաբերում, երբ պետք է ճիշտ հակառակը լիներ»:
Ի՞նչ պիտի անի, որ չի անում, պետք է փողոցները մաքրեր՝ անձրևն իր փոխարեն մաքրում է։ «Օրինակ` կարող էր այս ընթացքում սկսել բազմաթիվ շենքերի կառուցապատման աշխատանքները»: Բա կորոնավիրո՞ւսը։
«Բացօթյա տարածքում շինաշխատանքները նվազագույն ռիսկեր են պարունակում, մինչդեռ դրանով կմեղմեին սոցիալական դրությունը, էլ չասեմ, որ վեճ է հասունանում համայնքապատկան կրթական հաստատություններում. նրանք, ովքեր հաստիքագրված չեն, ասենք` երաժշտական դպրոցներում, բայց վճարվում էին քաղաքապետարանի կողմից` աշակերտների վարձավճարներից, զրկվել են եկամտի աղբյուրից։
Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ հնարավորություն չունի նրանց ֆինանսավորելու, սակայն այս հարցում ևս քաղաքապետը պետք է լուծումներ գտներ, սոցիալական աջակցություն ցուցաբերեր»»:
Մանրամասները թերթի այօրվա համարում