Ամենաթողությունն օրենքների դեմ
Այն, որ կորոնավիրուսից հետո հայտնվելու ենք փոխված աշխարհում, պարզ է բոլորի համար։ Պարզ չէ, թե որ երկիրը մարդկային ու տնտեսական ինչպիսի կորուստներով կհաղթահարի համավարակը։ Կայացած պետություները կհաշվեն կորցրած (կամ շահած) միլիարդները, իսկ խախուտ պետությունները՝ այն, ինչ մնացել է․․․ ու կարևորը՝ մա՞րդ մնացել է, թե ոչ։ Մարդ բոլոր իմաստներով՝ ամոթ ու արժանապատվություն ունեցող, ազգային որակներով ու հիշողությամբ մարդ։ Ցավոք, նրանց էլ կարող ենք կորցնել։
Կորոնավիրուսի դեմ պայքարելուն զուգընթաց, այսօր մենք կանգնած ենք ևս մի մեծ փորձության առաջ՝ տեսակետ արտահայտելով կամ լուռ անտարբերությամբ ընտրում ենք, թե ինչպիսի՞ Հայաստանի ենք նախապատվությունը տալու․․․ ազգի տականքի ագրեսիվությունն օգտագործելով՝ հանրության մեջ վախ ու թշնամանք սերմանող, կիսագրագետ, ստախոս, ագահ, երկիրը չգիտես ում կցորդ դարձնող կառավարիչների կողմից ղեկավարվող երկիր, թե՞ հայրենասեր պրոֆեսիոնալներով առաջնորդվող երկիր։ Պարզ ասած՝ Նիկոլի տեսակն ենք ընտրում, թե՞ Ռոբերտ Քոչարյանի։ Ընդ որում, չմոռանանք, որ ընտրությունը պարտադրում է հենց վարչապետը, ով անգամ այս ճգնաժամային իրավիճակում չի կարողանում հաղթահարել իր փոքրոգի վրիժառությունը, չի կարողանում հետ կանգնել համազգային նշանակության հարցերը իր «նվաճումներին» ստորադասելուց։
Այսօր հանրապետությունում իշխանության ղեկին են այնպիսիք, ովքեր օգտվելով երկրում հայտարարված արտակարգ դրությունից՝ հեշտ ու հանգիստ պաշտոնապես չեղարկում են ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները, բայց լրջորեն մտածում են՝ նշել թե՞ չնշել քաղաքացու հորինովի տոնը․․․ մարդկանց մանկուրտ դարձնելը էլ ո՞նց է լինում։
Եվ այս տեսակն այսօր Հայաստան է ղեկավարում՝ հնարավոր ու անթույլատրելի բոլոր միջոցներով լռեցնելով պետականասերներին։ Ֆեյքերն ու հայհոյախոս տականքն ուղղված են այլ կարծիք արտահայտողների դեմ (չնայած նրանց թույնն արդեն հենց իրենց է սպանում), իսկ իրավապահներն ու «արդարադատությունը» թիրախավորել են համախմբման կարողություն ունեցողներին։
Մեծ հաշվով՝ տեսակների պայքարի համատեքստում է նաև այն, ինչ այսօր կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ․ բախտի բերմամբ իշխանական լծակներն իր ձեռքը հավաքած ցածր պահանջմունքներով սպառողի տեսակը՝ պետականակերտ մտածողության դեմ, ամենաթողությունն՝ իրավունքի ու օրենքների դեմ։ Իսկ ամենից մեծ ցավն ու նողկանքն այն է, որ պետականության դեմ պայքարում ներգրավված են պաշտոնյաներ, ովքեր հենց իրենք են կոչված օրինականությունը և իրավունքները պահպանելուն՝ դատախազություն, դատավորներ, արդարադատության համակարգ, լուռ ու անհաղորդ ՀՀ նախագահ, «միաձայն» Աժ․․․
Հա՛, ի դեպ, հիշո՞ւմ եք, ԱԺ-ում բջջայիններով մարդկանց տեղորոշման օրենքն ամեն կերպ ընդունելու էքստազում՝ իշխանական պատգամավորներն ինչպիսի սրտահույզ մտահոգություններ էին հայտնում թեկուզ մեկ փրկված կյանքի համար։ Իրո՞ք։ Մոռացել էի՞ն Մանվել Գրիգորյանին կիսամեռ վիճակում դատարան բերելը․․․
Պատերազմի հերոսի կյանքը մեկ մարդու կյանք չի՞։ Կամ միթե հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի կյանքը չեն վտանգում՝ պահելով նրան կալանքի տակ․․․ Չգիտե՞ն, որ սա ոչ թե սոսկ մեկ մարդու կյանք է, այլ անթիվ հաղթանակների պատմություն, որի մի տոկոսն անգամ ստեղծելու ունակ չեն իրենք։ Գիտե՛ն, և այդ պատճառով էլ շարունակում են սեղմել օղակը, իրենց կարծիքով Քոչարյանի շուրջ, իսկ իրականում հենց իրենք են հայտնվելու փակ շրջանում։
Կորոնավիրուսը ողջ մոլորակում պարտադրեց արտակարգ դրություն, որի շրջանակներում ի թիվս բազմաթիվ այլ գործողությունների, գրեթե բոլոր պետությունները մարդասիրությունից, կամ էլ եղած գլխացավանքները նվազեցնելու հրամայականից դրդված՝ ազատում են հնարավորիս մեծ թվով բանտարկյալների։ Իսկ Հայաստանում՝ կարած-կարկատած գործի դատաքննության մեջ գտնվող 65-ամյա մեղադրյալին, բուժումը կիսատ թողած՝ հիվանդանոցից հապճեպ տեղափոխում են քրեակատարողական հիմնարկություն։ Եվ աչք ու ականջ փակած հայրենական և միջազգային բազմաթիվ անձանց ու կառույցների կոչ-հորդորների դեմ՝ չքմեղ ձևանալով իբր պահպանում են դատավարական նորմերը։
Որքան ձգձգեն նրա ազատումը, այնքան ահագնանալու է իրենց պատասխանատվության չափը, որովհետև ժամանակն աշխատում է Նիկոլի ու իր թիմի դեմ։ Համավարակն ամենժամյա հստակ ու արդյունավետ գործողություններ է պահանջում բոլոր ոլորտներում և բոլորին առնչվող։ Հիմա խոսք-խոստումներին հավատում են թերևս միայն անհուսորեն մոլորվածները։ Շարքային քաղաքացին իր ընտանիքը սոված չթողնելու խնդիր ունի և ամենաքիչը, որ նրան այսօր հետաքրքրում է՝ «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» հաղթանակն է «նախկին հանցագործ ռեժիմի դեմ»։ Պիտակավորումներ, որոնք արդեն կորցրել են իրենց ազդեցությունը՝ բախվելով իրական կյանքին, մարդկանց գրպանի իրական պարունակությանը և վաղվա օրվա մշուշոտ պատկերացումներին։
Լիա Իվանյան