Կես միլիոն սպառողներից 20 հազար ընտանիք է, որ 10 հազար դրամից քիչ գազ է ծախսել. Մարուքյան
«Պարետն այս ընթացքում ընդունել է նորմատիվ իրավական ակտեր, ինչի իրավունքը չուներ»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի խոսքով, կառավարության հայտարարած միջոցառումների ցանկից դուրս որևէ այլ սահմանափակում չի կարելի կիրառել, մինչդեռ պարետը սահմանափակումներ է մտցրել իր որոշման հիման վրա։
Բացի այդ, Մարուքյանը տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի նոր զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակում քրեակատարողական հիմնարկներում չպիտի արգելվեն զբոսանքները, և պետք է հնարավություն տրվի, որ օրը մեկ անգամ դատապարտյալները դուրս գան զբոսանքի. «Սա լուրջ որոշում է, որին պետք է հետևենք»։
Պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի անգամ կոչ է արել կառավարությանը և քաղաքապետերին՝ վարձով ապրող մարդկանց բնակարաններից դուրս չհանեն։
Մարուքյանը հույս հայտնեց, որ այդ խնդրին ևս պարետատունը կանդրադառնա։
«Ինչ վերաբերում է կառավարության կողմից այսօր հայտարարված կոմունալ վճարումների փոխհատուցմանը, ասվել է 220 հազար ընտանիքների վրա տարածվում է այդ աջակցությունը, ես հետաքրքրվել եմ, տվյալներ կան՝ կես միլիոն սպառողներից 20 հազար ընտանիք է, որ 10 հազար դրամից քիչ գազ է ծախսել»,- ասաց Մարուքյանը։
Նա ներկայացրեց «Լուսվոր Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնցից մեկով կոչ է արվում սանիտարահամաճարակային պայմանների խիստ պահպանությամբ վերսկսվեն Երևանի մետրոպոլիտենի և ավտոբուսների աշխատանքները։
«Քանի որ մետրոյից ու տրանսպորտից շատ քիչ մարդ է օգտվում, հետևաբար, այդ մարդիկ կարող են մետրո մտնելիս ջերմաչափվել, բնականաբար, Երևանի քաղաքապետարանն էլ համապատասխան ախտահանման աշխատանքներ պետք է տանի։ Ինչ վերաբերում է, որ դա ռիսկ է, ես վստահեցնում եմ՝ տաքսին էլ է ռիսկ, այստեղ կառավարությունը կարող է նաև այդ ավտոբուսներին սուբսիդավորել, որպեսզի մարդկանց տեղափոխեն»,- ներկայացրեց Մարուքյանը։
Նա նաև հայտնեց, որ իրենց կարծիքով պետք է բացվեն տնտեսական և սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը՝ օրինակ, կոշկակարանոցը։
Առաջարկվում է նաև թույլատրել միջմարզային տրանսպորտային միջոցների աշխատանքը՝ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
«Մեքենաների տեխնիկական սպասարկման կետերը ևս պետք է վերաբացվեն։ Օրինակ, մենք լուր ենք ստացել, որ սնունդ տեղափոխող մեքենան փչացել է, և տեղ չի եղել, որպեսզի այն վերանորոգեն։ Բացի այդ, ոստիկանության հաշվառման քննչական ստորաբաժանումները ևս պետք է վերաբացվեն. մեքենաներ ներմուծած մարդիկ չեն կարողանում գրանցում կատարել։ Օրթեզավորման կենտրոնները ևս պետք է միանշանակ վերաբացվեն։ Պետք է աշխատեն նաև կահույքագործական ընկերությունները»,- շեշտեց Մարուքյանը։
Նա նշեց, որ սահմանափակումները պետք է լինեն տրամաբանության մեջ, ինչպես նաև պարետատունը պետք է ենթարկվի կառավարության սահմանած կանոններին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես ապրեն չգրանցված, օրավարձով աշխատող մարդիկ. Զոհրաբյան
- Առհասարակ, սահմանափակումները շատ վատ բան են. Ավինյան
- Կորոնավիրուսի առումով ռիսկային գոտում է ՀՀ բնակչության 12%-ը. Ավինյան
- Արտակարգ դրությունը երկրաձգվեց. Չեղարկվեցին ԶԼՄ սահմանափակումներն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին