Կառավարությունը փետրվարին մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի հոսանք սպառածների գումարի 50 տոկոսը կվճարի
Կառավարության արտահերթ նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի անդամների հաստատմանը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը։
Ինչպես նշեց Գրիգորյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է շահառու յուրաքանչյուր բաժանորդի կողմից փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:
Փոխվարչապետը մանրամասնեց, օժանդակում են բոլոր բաժանորդներին, անկախ ժամկետանց պարտք ունենալու կամ չունենալու հանգամանքից, փախանցումն իրականացվելու է միանգամից հանրային ծառայություն մատուցող ընկերությանը բաժանորդի հաշվին։
«Ովքեր ունեն պարտք, պարտքը կնվազեցվի այդ չափով, ովքեր չունեն պարտք, կառաջան կանխավճար, ապագա վճարումները կնվազեցվեն այդքան գումարով։ Ծրագրի իրականացումը կլինի շատ արագ, դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այն 1-2 օրվա ընթացքում կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների հետ կճշգրտի ցուցակները և վճարումը կիրականացնի»,-մանրամասնեց փոխվարչապետն ու առաջարկեց այն հաստատել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում կոմունալ վճարումները կատարելու առումով բարձր կուլտուրա կա, և իրենք ցանկանում են 50 տոկոս վճարելու քաղաքականությամբ չվնասել այդ կուլտուրային։
Նա նկատեց, որ այս միջոցառման շահառուները կարող են օգտվել նաև աջակցության այլ ծրագրերից։
«Այստեղ աջակցության նոմինալ չափը կարող է քիչ թվալ, բայց նա կարող է օգտվել աջակցության այլ ծրագրերից»,-ասաց նա։
Փոխվարչապետ Գրիգորյանը նկատեց՝ փետրվար ամսվա բազան են վերցրել, քանի որ այդ ընթացքում սպառումը մեծ է։
Փաշինյանն էլ ավելացրեց, փետրվարն ավելի խստաշունչ ամիս է , քան մարտը, և այն շահառուները, ովքեր արդեն վճարել են կանխավճար կունենան հաջորդ ամսվա վճարման համար։
Միջոցառումն ընդունվեց։