Պատրաստվում ենք վատագույն սցենարներին. Առողջապահության փոխնախարար
«Արդյո՞ք շատ են այն հայտատուները, որոնք հետևել են պարետի և նախարարի՝ բուժաշխատողներին միանալու կոչին, որ բժշկական հերթափոխը սահուն իրականացվի»,- խորհրդարանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ խոսքն ուղղելով առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին։
Պատգամավորը նաև հետաքրրքրվեց, թե երբ կլինի կորոնավիրուսի տարածման պիկը ՀՀ-ում։
Պատասխանելով Ստեփանյանի հարցին, փոխնախարարը նշեց, որ նախարարի և պարետատան կոչը բավականին լավ արձագանք է ստացել. և՛ բժիշկներ, և՛ բուժքույրեր արձագանքել և ներգրավվել են:
«Կարելի է ասել՝ 7 նոր բժշկական կենտրոնների ամբողջական համալրում ենք ապահովել վերջին 1 ամսում: Բժշկական անձնակազմի գերբեռնված աշխատանքը թեթևացնելու և այդ հերթափոխերը ապահովելու, լրացուցիչ ռեզերվ ունենալու համար շարունակում ենք ընդունել հայտեր, և այս փոփոխությունն էլ վերաբերում է հենց դրան, որ հստակ այս մասնագետները վերապրոֆիլավորվեն, ավարտական կուրսի ուսանողներն էլ հնարավորություն ստանան արագ վերապատրաստման դասեր անցնելու ու իրավունք ունենան ներգրավվելու աշխատանքներին»,- ներկայացրեց Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է պիկին, Ավանեսյանն ասաց, որ, ցավոք սրտի, շատ բարդ է կանխատեսում անելը։
«Պատրաստվում ենք վատագույն սցենարներին՝ հույս ունենալով, որ չենք ունենա այն: Ամեն ինչ պետք է արվի պատրաստ լինելու համար: Բոլոր մեր ռեսուրսները մոբիլիզացվում են, որ եթե հանկարծ ունենանք թվերի ավելացում, պատրաստ լինենք մեր քաղաքացիներին համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու»,-շեշտեց առողջապահության փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Դեղերի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի
- Արդյոք ժամանակը չէ բժիշկների կոմիտե ստեղծելու, որը կենթարկվի պարետին. Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները