ՄԱԿ-ի ՊԳԿ-ն անդրադառնում է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրին
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը /ՊԳԿ/ շարունակում է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրի լուծման հարցում, որն ընդգրկում է երկրի վարելահողերի մոտավորապես մեկ երրորդը։
Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով առաջացած իրավիճակը, երբ պարենային ապահովության խնդիրն էլ ավելի է կարևորվում երկրի համար, չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի՝ գյուղատնտեսական արտադրու¬թյան մեջ ներգրավ¬ումը հրամայական է դարձել։
ՊԳԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ փորձագիտական խումբը պատրաստել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման ապահովում» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խմբին` քննարկման և առաջարկությունների ներկայացման համար:
ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրենքի նպատակն է աջակցել կայուն գյուղատնտեսությանը և գյուղական վայրերի զարգացմանը` հողերի չօգտագործման և մասնատման խնդիրների նվազեցման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայի զարգացման, գյուղացիական տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական ապրանք արտադրող փոքր տնտեսվարողների առևտրային տնտեսությունների վերածմանը խթանելու միջոցով։
«Օրենքի նախագծի մշակումը և դրա վերջնական հաստատումը Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման խնդրի առաջարկվող լուծման հիմնասյուներից մեկն է», - ասում է ՊԳԿ հողերի կառավարման գծով պատասխանատու Մաքսիմ Գորգանը: «Այն իրավական հիմք կհանդիսանա նոր պետական մարմնի կազմավորման համար և կստեղծի հողերի կառավարման գործիքակազմի օգտագործման հնարավորություն, ներառյալ՝ հողերի բանկավորումը, միջնորդավորված վարձակալությունը և հողերի կոնսոլիդացիան»:
Համաձայն ՊԳԿ վերլուծության, հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոններով։ Հայաստանում հողերի չօգտագործման խնդրի հիմնական պատճառներն են գյուղացիական տնտեսությունների ոչ արդյունավետ կառուցվածքը, հողատարածքների մասնատվածությունը, ծերացող գյուղական բնակչությունը, արտագաղթը։ Մշակաբույսերի արտադրության խիստ կախվածությունը ջրային ռեսուրսներից, ոռոգման ենթակառուցվածքների անբավարար վիճակը, կլիմայի փոփոխության արդյունքում հողերի դեգրադացիան, գյուղատնտեսական արժեշղթային առնչվող խնդիրներն էլ իրենց ազդեցությունն են թողնում:
Օրենքի նախագծի մշակումը ՊԳԿ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրի մի մասն է: 2019 թ․ վերջին մեկնարկած ծրագիրն ունի երկու նպատակ՝ ստեղծել և գործադրել նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ, ինչպես նաև ներդնել հողերի կառավարման գործիքակազմ` նպաստելու հողերի շուկայի զարգացմանը և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավմանը, մասնավորապես շեշտը դնելով փոքր և ընտանեկան ֆերմերային տնտեսությունների վրա: Առաջարկվող հողերի կառավարման գործիքակազմը հիմնված կլինի եվրոպական լավագույն փորձի և այս ոլորտում ՊԳԿ-ի հսկայական փորձարության վրա:
«Առաջին փուլն անցել ենք, այնուամենայնիվ, առջևում դեռևս շատ աշխատանք կա», - հավելել է Գորգանը, -«ներառյալ վարձակալության միջնորդության հետ կապված մանրամասն ընթացակարգերի և գործիքակազմի մշակումը, ինչպես նաև Արմավիրի մարզի երեք պիլոտային համայնքներում հողերի կառավարման մշակված գործիքակազմի փորձարկումը, նախքան տվյալ մոտեցումը Հայաստանի ամբողջ տարածքում կիրառելը»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մտադիր են անմշակ հող չթողնել, երկիրն էլ ինքնաբավ դարձնել
- Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ. Շտեֆան Դրեեսման